Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բոլոր հանդիպումներից` լինի դա վերջին, լինի նախկին, գրեթե միատեսակ ակնկալիքներ են ունենում, որովհետեւ մենք հուսով են, որ հերթական հանդիպումների ժամանակ կողմերը կգան համաձայնության, որի շնորհիվ Արցախը կշարունակի իր մասնակցությունը բանակցային գործընթացում: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` մեկնաբանելով Կազանի հանդիպման արդյունքները:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ողջունում ենք միջազգային հանրության ջանքերն արցախյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված: Եվ բացառություն չէր Կազանի հանդիպումը: Այդ նույն ակնկալիքն ունեինք: Եվ այս պահի դրությամբ, որոշակի բավարարվածություն ունենք եւ հատկապես, որ Միսնկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում նշում են, որ վերջնական կարգավորումը առանց Արցախի հանրապետության մասնակցության անհնարին կլինի: Եվ մենք սպասում էինք, որ վերջին հանդիպման ժամանակ ավելի ստույգ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն հենց Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում ապահովելու համար»,- նշել է Սահակյանը:
Նա նշել է, որ որոշակի տեղեկություններ ունի վերջին հանդիպման մասին, եւ «ինչպես հաճախակի էր լինում, դժբախտաբար, այս վերջին հանդիպման ժամանակ եւս Ադրբեջանը ցուցաբերեց մի կեցվածք, որը չնպաստեց այդ բանակցությունները լիարժեք ձեւաչափին մոտեցնելուն: Բայց մեկ է, մենք մնում ենք մեր հույսին եւ կարծում ենք, որ կգա այդ օրը, երբ կմասնակցենք բանակցային գործընթացին»:
Հարցին, եթե Ադրբեջանը ցուցաբերեր կառուցողական կեցվածք եւ Կազանում ստորագրեր առաջարկվող փաստաթուղթը, որը ենթադրում է նաեւ տարածքների վերադարձ, ինչպե՞ս կվարվեր Ղարաբաղը, Բակո Սահակյանը պատասխանել է. «Քանի որ համանախագահները փաստում են, որ առանց ԼՂ-ի դժվար է որեւէ վերջնական համաձայնություն ձեռք բերել, դա նշանակում է, որ ցանկացած որոշում միայն ու միայն պիտի ընդունվի Արցախի մասնակցությամբ: Մենք ակնկալում ենք, որ սկզբնական փուլում կվերականգնվի բանակցային ձեւաչափը, որտեղ Արցախը հնարավորություն կունենա մասնակցելու, որտեղ էլ մենք կարտահայտենք մենք տեսակետը: Մենք հեռու ենք այս պահի դրությամբ որոշումների ընդունման փուլից: Մենք գտնվում ենք մի փուլում, որտեղ ՀՀ-ն լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի Արցախը բանակցությունների մասնակից դառնա: Մենք միշտ նշում ենք, որ Ադրբեջանի հետ պատրաստ ենք քննարկելու ցանկացած հարց: Եվ տա Աստված, որ գա այդ ժամանակը: Այնպես որ, այս պահի դրությամբ ցանկացած պայմանավորվածություն կրում է միջանկյալ բնույթ»:
Բակո Սահակյանը հույս է հայտնել , թե միջնորդ երկրները անկեղծ են իրենց դրսեւորումների մեջ: «Եւ այս տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ միջազգային հանրությունը եւ հատկապես համանախագահները կատարում են աշխատանք, որն ուղղված է այս հարաբերական խաղաղությունն ապահովելուն եւ վերջնական խաղաղություն ձեռք բերելուն: Ընդհանրապես չենք թաքցնում, որ այս իրավիճակը, այս հարաբերական խաղաղությունը ձեռք է բերվել նաեւ համանախագահող երկրների շնորհիվ, ինչի համար, կարծում եմ, թե’ հայկական կողմը, թե’ Ադրբեջանը շնորհակալ պետք է լինեն, որովհետեւ այս հարաբերական խաղաղությունը շատ-շատ անգամ գերադասելի է, քան ցանկացած պատերազմական գործողություն»,- նշել է նա:
Հնարավոր համարո՞ւմ է արդյոք մոտակա ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչ-որ փաստաթղթի ստորագրման հավանականությանը, հարցին, Արցախի նախագահը պատասխանել է. «Այս վերջին տարիներին մենք բոլորս հնարավորություն ենք ունեցել համոզվելու, որ հայկական կողմն, իր պատասխանատվությունից միջազգային հանրության առջեւ եւ իր շահագրգռվածությունից ելնելով, փորձում է ամեն ձեւի կառուցողական կեցվածք դրսեւորել` նպաստելով խաղաղ գործընթացի եւ պահպանմանը, եւ այդ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելուն: Դժբախտաբար, մենք այսօր ունենք` ի դեմս Ադրբեջանի, մի մասնակից բանակցային գործընթացում, որը չի դադարեցնում իր ոչ կառուցողական կեցվածքը, քայլերը այդ բանակցություններում, ինչը, ըստ մեզ, հիմնական խոչընդոտն է հանդիսանում ամբողջ այդ գործընթացում»:
Ըստ Սահակյանի, այդ կեցվածքին գումարվել են նաեւ ռազմատենչ հայտարարությունները, եւ այդ քաղաքականությունը չի տեղավորվում միջազգային հանրության կողմից ձեռնարկված քայլերի շրջանակներում: «Հետեւաբար այդպիսի մոտեցումը եւ այդպիսի մասնակցությունը հիմնական պատնեշն է: Եվ մենք կոչ ենք անում համանախագահներին եւ միջազգային հանրությանը իր վերաբերմունքը փոխել Ադրբեջանի նկատմամբ եւ, ինչու չէ, անհրաժեշտության դեպքում պարտադրողական քայլերի հրավիրել, որը եւ կնպաստի թեկուզ եւ այս խանգարված ձեւաչափով բանակցությունների շարունակությանը: Այս փուլում Ադրբեջանին պետք է հրավիրել ավելի զուսպ քաղաքական մշակույթ ցուցաբերելու»,- նշել է նա:




























