Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնի իրականացրած քաղաքականությունը Թայվանի հանդեպ սպառնում է վատթարացնել չին-ամերիկյան հարաբերությունները եւ սրել իրավիճակը Թայվանի նեղուցի շրջանում, տեղեկացնում է «Սինհուան»։
Վան Ին, գործակալության տեղեկացմամբ, նշել է, որ թայվանյան հարցը ամենազգայուն հարցն է Չինաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում, եւ «եթե դրան ճիշտ մոտեցում չցուցաբերվի, ապա դա գլոբալ վնաս կհասցնի չին-ամերիկյան հարաբերություններին»։
Չինացի դիվանագետը նշել է, որ վերջին ժամանակներս իրավիճակը Թայվանի նեղուցի շրջանում սրվել է «մեկ Չինաստանի» գոյության սկզբունքը Թայվանի իշխանությունների կողմից խախտելու փորձերի պատճառով։ «Դրան նպաստել են նաեւ ամենաթողությունն ու «անկախ Թայվանի» ուժերին ամերիկյան կողմի աջակցությունը։
Վան Ին ասել է, որ «անկախ Թայվանի հռչակմանն ուղղված միտումների զարգացումը կանգնեցնելը կնշանակի պահպանել խաղաղությունը Թայվանի նեղուցում»։
«Մենք խորհուրդ ենք տալիս ամերիկյան կողմին գիտակցել «անկախ Թայվանին» ուղղված քաղաքականության վտանգի լրջությունը։ Մենք պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ-ը իրականացնի «մեկ Չինաստանի» իսկական, այլ ոչ թե կեղծ քաղաքականություն, որպեսզի ԱՄՆ-ը կատարի իր պարտավորությունները Չինաստանի առջեւ եւ ոչ թե ասի մի, բայց անի մեկ ուրիշ բան»,- ընդգծել է Վան Ին։
Վան Ին նաեւ Չինաստանի լուրջ անհանգստությունն է հայտնել տարբեր հարցերի առիթով, որոնցով ամերիկյան կողմը վնաս է հասցնում Չինաստանի օրինական իրավունքներին եւ շահերին, եւ խնդրել է ամերիկյան կողմին «փոխել տոնը եւ օժանդակել չին-ամերիկյան հարաբերությունները առողջ զարգացման ուղի վերադարձնելուն»։
Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել այնպիսի կարեւոր հարցերի վերաբերյալ, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը, էներգամատակարարումը, Իրանի միջուկային ծրագիրը, իրավիճակը Կորեական թերակղզում, Մյանմայում եւ Աֆղանստանում, եւ պատրաստակամություն են հայտնել երկխոսություն վարել գլոբալ տարբեր խնդիրների լուծման վերաբերյալ։
ԱՄՆ պետդեպարտամենտը, տեղեկացնելով կայացած հանդիպման մասին, նշել է. «Բլինքենը ընդգծել է կապի բաց գծերի կարեւորությունը, որպեսզի պատասխանատու մոտեցում լինի ԱՄՆ եւ ՉԺՀ մրցակցությանը»։ «Նա նշել է այն ոլորտները, որոնցում հատվում են երկու երկրների շահերը, եւ որոնցում մենք կարող էինք համատեղ աշխատել՝ Հյուսիսային Կորեա, Մյանմա, Իրան, Աֆղանստան եւ կլիմայական ճգնաժամ»,- ասվում է կիրակի ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած հաղորդագրությունում։





























