Եգիպտոսում հյուրանոցի երեք աշխատակցի են ձերբակալել Կարմիր ծովի հայտնի հանգստավայրում, որտեղ մոտ 50 արտասահմանցի զբոսաշրջիկներ են տուժել թունավորման հետեւանքով, հայտնում է AP-ն։

Պետական դատախազ Համադա էլ-Սավին ասել է, որ աշխատակիցները, այդ թվում՝ հյուրանոցի շեֆ-խոհարարը, մեղադրվում են հյուրերի կյանքի համար սպառնալիք ստեղծելու մեջ: Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ նրանք չեն ընդունել մեղադրանքը։

Տուժած զբոսաշրջիկների թվում են 14 էստոնացիներ, 29 ռուսներ եւ 4 չեխեր։ Հայտարարության մեջ ասվում է, որ նրանք հոսպիտալացվել են Հուրգադա առողջարանային քաղաքում հանգստյան օրերին ընթրիքից հետո: Նրանցից շատերը դուրս են գրվել հիվանդանոցներից այն բանից հետո, երբ վիճակը բարելավվել է։

Զբոսաշրջության ոլորտի համար պատասխանատու պաշտոնյաները կարգադրել են փակել հյուրանոցը, հեռացրել են տնօրենին եւ չեղարկել նրա աշխատանքի արտոնագիրը։