Ուկրաինայում թուրքական «Բայրաքթարի» արտադրություն սկսելը «ամիսների, այլ ոչ թե տարիների հարց է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։
«Իրականում դա ամիսների հարց է, ոչ թե տարիների: Աշխատանքներ են տարվում արտադրական օբյեկտների ստեղծման եւ Ուկրաինայում «Բայրաքթարի» արտադրությունը սկսելու ուղղությամբ»,-ասել է Բոդնարը։
Նրա խոսքով, իրականացվող աշխատանքների տեմպերը բավականին բարձր են. «Իմ ունեցած տեղեկատվությունը զրոյից անօդաչու թռչող սարքերի լայնածավալ արտադրության մասին է , որոնք կարող են օգտագործվել ինչպես Ուկրաինայի զինված ուժերի կարիքները բավարարելու, այնպես էլ երրորդ երկրների շուկաներ մատակարարելու համար»,-նշել է նա։
Բոդնարը նաեւ հիշեցրել է Akıncı անօդաչու թռչող սարքերի արտադրության համար ստեղծված համատեղ ձեռնարկության մասին։ «Բացի այդ, դուք գիտեք, որ մենք իրականում ստեղծել ենք նոր տիպի անօդաչու թռչող սարքերի արտադրության համատեղ ձեռնարկություն՝ Akıncı, որի համար ուկրաինական կողմը մատակարարում է շարժիչներ եւ որոշ այլ պահեստամասեր։ Այսինքն՝ այստեղ մենք ունենք փոխլրացում, եւ մեր հարաբերությունները կառուցում ենք եւ՛ մեր ռազմավարական շահերի, եւ՛ փոխադարձ տեխնոլոգիական համատեղելիության հիման վրա»,-հավելել է դեսպանը։




























