Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել ավելի վճռական քայլեր ձեռնարկել կլիմայական խնդիրներըի համատեղ լուծման համար, հայտնել է «Սինհուա»-ն։
Գլազգոյում COP26 գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված գրավոր ուղերձում Սի Ցզինպինը հույս է հայտնել, որ «բոլոր կողմերը ավելի վճռական քայլեր կձեռնարկեն՝ համատեղ լուծելու կլիմայի խնդիրը եւ պաշտպանելու մոլորակը՝ մեր ընդհանուր տունը»:
Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխության բացասական հետեւանքներն ավելի ակնհայտ են դառնում, ինչն ավելի ու ավելի հրատապ է դարձնում համատեղ գործողությունները։
Չինաստանի նախագահի առաջարկությունն ունեցել է երեք մաս՝ լուծել կլիմայական խնդիրները՝ ներառյալ բազմակողմ կոնսենսուսի պահպանումը, կենտրոնանալ կոնկրետ գործողությունների վրա եւ արագացնել կանաչ անցումը: «Երբ խոսքը վերաբերում է գլոբալ խնդիրներին, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, բազմակողմանիությունը ճիշտ բաղադրատոմս է», - ասել է նա:
«ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան եւ Փարիզի համաձայնագիրը ապահովում են կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային համագործակցության հիմնարար իրավական հիմքը: Կողմերը պետք է հիմնվեն առկա կոնսենսուսի վրա, ամրապնդեն փոխադարձ վստահությունը, ակտիվացնեն համագործակցությունը եւ միասին աշխատեն՝ Գլազգոյում հաջողությամբ անցկացնելու COP26-ը»,- հավելել է նա:
Սի Ցզինպինը նշել է, որ կողմերը պետք է կատարեն իրենց պարտավորությունները, դնեն իրատեսական նպատակներ ու տեսլականներ եւ անեն առավելագույնը՝ իրականացնելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի իրենց միջոցառումները ազգային պայմաններին համապատասխան։
Չինաստանի նախագահը ընդգծել է զարգացած երկրների պատասխանատվությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ ասելով, որ նրանք ոչ միայն իրենք պետք է ավելին անեն, այլեւ աջակցեն զարգացող երկրներին:
Կանաչ միջավայրին անցնելու մասին նախագահն ասել է, որ կարեւոր է օգտագործել գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունները՝ փոխակերպելու եւ արդիականացնելու էներգետիկայի եւ ռեսուրսների ոլորտները, ինչպես նաեւ արդյունաբերական կառույցները եւ սպառման մոդելները:
Նրա խոսքով՝ Չինաստանը կշարունակի առաջնահերթ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի պահպանմանը եւ հետամուտ է լինելու կանաչ եւ ցածր ածխածնի արտադրության: «Մենք ավելի արագ տեմպերով կզարգացնենք կանաչ, ցածր ածխածնային եւ փակ տնտեսական համակարգը, առաջ կմղենք արդյունաբերության կառուցվածքի կարգավորումը եւ կզսպենք էներգատար, մեծ արտանետումներով նախագծերի ոչ ռացիոնալ զարգացումը», - ասել է նա:




























