Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել «արտանետումների խոշորագույն արտադրողներին» «ավելացնել» արտանետումների կրճատման իրենց պարտավորությունները։

«Կցանկանայի կոչ անել այն երկրներին, որոնք այսօր չեն անում այն, ինչ պետք է անեն, այսուհետ կատարել իրենց պարտականությունները մինչեւ COP-ի ավարտը, որպեսզի կարողանանք կատարել Փարիզում ստանձնած պարտավորությունը», - ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում, որը հայտնի է որպես COP26:

Մակրոնը նկատի է ունեցել գլոբալ տաքացումը Ցելսիուսի 1.5 աստիճանից ցածր պահելու պարտավորությունը:

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան «պատրաստ են կատարել իրենց պարտավորությունները»։ Ընդունելով, որ ԵՄ «Կանաչ գործարք» կլիմայական ծրագրի իրականացումը բարդ խնդիր է լինելու, նա ընդգծել է, որ առանձին եվրոպական երկրների կողմից ստանձնած պարտավորություններն իսկապես թույլ են տալիս «1.5 անգամ բարձրացնել այդ նպատակի վստահելիությունը»:

«Մենք այս ամենն իրականացնում ենք ազգային եւ եվրոպական մակարդակով»,- ասել է նա։

 «Կլիմայի փոփոխության առաջին զոհերը Աֆրիկայի, Կարիբյան ծոցի եւ Խաղաղ օվկիանոսի ամենաաղքատ երկրներն են», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնի խոսքով՝ 100 միլիարդ դոլարը պետք է մոնիտորինգի ենթարկվի լիարժեք թափանցիկությամբ՝ ապահովելու համար, որ այն վայրերը, որոնք ամենաշատ գումարի կարիքն ունեն, կստանան այն: Այդ միջոցները կարող են օգտագործվել կենսաբազմազանությունը պաշտպանելու եւ տնտեսական առեւտրի լուծումները խթանելու համար՝ կապված կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերի հետ, ասել է նա: