Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զարգացած երկրներին կոչ է արել կտրուկ կրճատել արտանետումները։
Ելույթ ունենալով Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP26)՝ նա նշել է, որ 2015 թվականին Փարիզում կայացած COP21-ի կոնֆերանսում ձեռք բերված պայմանավորվածությունները ծառայում են որպես «ուղեցույց», սակայն գագաթնաժողովից հետո յուրաքանչյուր երկրի կողմից ներկայացված ազգային մակարդակով սահմանվող ներդրումները չեն հասնի գլոբալ տաքացումը 1.5 աստիճան ցելսիուսից ցածր պահելու ընդհանուր նպատակին:
Ընդգծելով, որ «կլիմայի փոփոխության հետեւանքները կործանարար են», Մերկելն առաջարկել է ազգային նպատակները «ավելի խստորեն» չափել՝ դրանով իսկ ապահովելով «չափանիշը», որն անհրաժեշտ է մինչեւ դարի կեսերը Փարիզում դրված նպատակներին հասնելու համար:
«Մենք գիտենք, որ զարգացած երկրները հատուկ պատասխանատվություն են կրում», - ավելացրել է նա՝ նշելով, որ դա «հատկապես ճիշտ է» Գերմանիայի համար։ «Կարծում եմ, որ արդյունաբերական զարգացած երկրների վստահության համար կարեւոր է, որ մենք տրամադրենք խոստացված ֆինանսավորումը»:
Այսպիսով, շարունակել է Մերկելը, Գերմանիան ավելացրել է իր ներդրումը, որպեսզի 1990 թվականի համեմատ մինչեւ 2030 թվականը արտանետումների մակարդակը նվազեցնի 65 տոկոսով եւ մինչեւ 2045 թվականը դառնա կլիմայապես չեզոք:
Մեկ այլ տարր, որը կարեւոր նշանակություն կունենա արտանետումների նվազեցման գլոբալ նպատակներին հասնելու համար, ըստ Մերկելի, «ածխային էներգիայի միջազգային ֆինանսավորման դադարեցումն է»: «Բավական չէ, եթե գործենք միայն կառավարությունների մակարդակով», - ասել է Մերկելը։ «Եթե ցանկանում ենք փոխել մեր կյանքը եւ բիզնեսի վարման ձեւը, ավելին է անհրաժեշտ: Խնդրում եմ սահմանել CO2 արտանետումների գինը»:
Այս կերպ, ըստ Մերկելի, երկրները կարող են երաշխավորել, որ արդյունաբերությունը եւ բիզնեսը առաջադեմ տեխնոլոգիաներ կներդնեն եւ ուղիներ որոնեն կլիմայական չեզոքության հասնելու համար:




























