Ավստրալիան կսպասի, մինչեւ որ «Ֆիանսիայի նեղացածությունը սուզանավերի պայմանագրի խզման հետ կապված կանցնի, եւ չի պատասխանի «անձնական նկատողություններին»։ Այսպիսի հայտարարությամբ երկուշաբթի հանդես է եկել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ ելույթ ունենալով լրագրողների համար ճեպազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ես հասկանում եմ, որ նա [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը] խիստ վրդովված է եւ մի քանի անձնական նկատողություն է արել, բայց ես չեմ պատրաստվում նրան պատասխանել նույն կերպ։ Ավստրալիան ուրախությամբ կաշխատի Ֆրանսիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի շուրջ։ Պարզ է, որ [ֆրանսիական կողմի] վիրավորվածությունը դեռեւս ուժեղ է, բայց մենք կսպասենք, մինչեւ որ այն անցնի։ Մենք շատ նախագծեր ունենք, որոնց ուղղությամբ պետք է աշխատել, եւ մենք շահագրգռված ենք մնում Ֆրանսիայի հետ մեր գործընկերության հարցում»,- ասել է Մորիսոնը։
Վարչապետը նշել է, որ դժվար որոշումները, որոնք ընդունել է ինքը Ավստրալիայի պաշտպանունակության ապահովման համար, բոլորին չէ, որ դուր են գալիս եւ բոլորին չէ, որ «երջանիկ են դարձնում»։ «Մենք պետք է ուժ ունենանք, որպեսզի հաշտվենք վիրավորանքի հետ, որը դրանք [որոշումները] կարող են առաջացնել, ուժ, որպեսզի հաղթահարենք այն։ Ես միանգամայն համոզված եմ, որ իմ ընդունած որոշումը [սուզանավերի կառուցման գործարքը խզելու մասին] ճիշտ է, համապատասխանում է Ավստրալիայի շահերին եւ կծառայի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության ապահովմանը»,- ընդգծել է նա։
Կառավարության ղեկավարի հայտարարությունը հնչել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունից հետո, որը Մորիսոնին մեղադրում էր խաբեության մեջ անվտանգության ոլորտում նոր AUKUS գործընկերության հետ կապված։ «Ես չեմ կարծում, ես գիտեմ դա»,- պատասխել է Մակրոնը ավստրալացի լրագրողի հարցին, թե արդյոք նախագահը կարծում է, թե Ավստրալիայի վարչապետը ստել է իրեն։ Ավելի վաղ Մակրոնը Մորիսոնի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ Կանբերայի միակողմանի որոշումը՝ հրաժարվել գործարքից հօգուտ մեկ այլ նախագծի, «խափանել է վստահության հարաբերությունները երկու երկրների միջեւ»։ Մակրոնի կարծիքով՝ Ավստրալիան պետք է «առաջարկի կոնկրետ գործողություններ, որոնցում կմարմնավորվեր իշխանությունների կամքը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունները եւ շարունակելու համատեղ գործողությունները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»։
Վաշինգտոնը, Լոնդոնը եւ Կանբերան սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերության՝ AUKUS-ի ստեղծման մասին։ Կանբերան այս համատեքստում խզել է պատմության մեջ ամենախոշոր՝ ավելի քան 50 մլրդ եվրո արժողությամբ պաշտպանական գործարքը Փարիզի հետ սուզանավերի մատակարարման վերաբերյալ։ Դաշնակիցների այս անդրկուլիսային գործողությունները Փարիզում անվանել են «հարված թիկունքին»։



























