Հայաստանի կառավարությունը նախատեսում է փոխել տնտեսության կառուցվածքը եւ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցնել ներդրումների վրա հիմնված տնտեսության։ Այս մասին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ համաձայն 2022թ. բյուջեի նախագծի, էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական հատվածին նախատեսվում է հատկացնել մոտ 17 մլրդ դրամ։ «Կառավարությունը իր առջեւ նպատակ է դրել հաջորդ հինգ տարիներին ապահովել 7-9 տոկոս ամենամյա տնտեսական աճ։ Դրա համար ամենակարեւոր բաներից մեկը, որը մենք պետք է անենք, տնտեսության կառուցվածքը փոխելն է եւ սպառման վրա հիմնված տնտեսական աճից ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի անցնելը»,- ասաց նախարարը։
Քերոբյանի հավաստիացմամբ՝ իշխանությունները շահագրգռված են սպասարկել եւ ուղեկցել ներդրումները։ «Համենայնդեպս, մինչ այն պահը, երբ ներդրողները կսկսեն իրենց անմիջական գործունեությունը։ Նախատեսվում է նաեւ ներդնել որոշակի խթանող մեխանիզմներ»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։





























