Այս պահին Տաթեւ համայնքում միակ հետընտրական պրոցեսը, որ ընթանում է, դա որոշ ընտրատեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկն է, որի արդյունքների մասին կիմանանք վաղը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե ՔՊ-ն դիմել է դատարան Սյունիքի մարզի Տաթեւն համայնքում տեղի ունեցած ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով:

Տաթեւում հետընտրական գործընթացների վերաբերյալ միակ տեղեկությունը՝ սա է:

«Խոսքը քվեաթերթիկների վերահաշվարկի մասին է, մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ որոշ ընտրական տեղամասերում ՔՊ-ին կողմ քվեաթերթիկները հանձնաժողովի որոշմամբ դրվել են ավավերների տրցակում: Հիմա վերահաշվարկ պետք է իրականացվի»,-ասաց նա:

Հարցին, թե միայն այդ վերահաշվարկից հետո՞ կարող եք դիմել դատարան, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Բնականաբար, մինչեւ գործընթացը չավարտվի, բոլոր խոսակցություններն անտեղի են»:

Նշենք, որ Armlur.am-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով ՔՊ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 38-Ա որոշումը, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 41-Ա որոշումը և ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 17.10.2021թ. ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչի և համապատասխան ձայներ հավաքած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված համարի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Տաթեւի ավագանի են անցել երեք ուժեր՝ ՔՊ-ն, «Շանթ» դաշինքը եւ «Ապրելու երկիրը»: Բանն այն է, որ վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ին չի բավականացնում ընդամենը մեկ քվե, որ կարողանա 50 տոկոս ունենալ եւ իշխանություն ձեւավորել: Այս պահին «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը միասին ընդամենը 1 մանդատով են ավելի ՔՊ-ից: ՔՊ-ն ունի 7 մանդատ, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունն ունի 6 մանդատ, իսկ «Ապրելու Երկիրը» ունի 2 մանդատ: