Նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները տաք հետքերով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին իրականացրել են «Երեքը՝ Սյունիքում, չհաշված՝ զենքը» օպերացիան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերացիայի արդյունքում Սյունիքի մարզում վնասազերծվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ՝ 42-ամյա Վրեժ Ա-ն, 20-ամյա Հայկ Ա-ն, 22-ամյա Նարեկ Ա-ն։ Վերջիներս բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ովքեր կասկածվում են նույն օրը Երևանում, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ նույն փողոցի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանի հետ վիճաբանելու մեջ։
Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Հ. Ա-ն իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ Խաչատուր Սահակյանը հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։
Իրավապահները տեղեկանում են, որ ենթադրյալ կասկածյալներն ուղևորվում են Արցախ ու արդեն ժամերի ընթացքում նրանք Սյունիքի մարզում վնասազերծվում են:
Կասկածյալները ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։
Կայքի տեղեկություններով՝ Վ. Հ. և Ն. Ա-երն ազգականներ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։
Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանն էր։ Նրանք պարզել էին, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով կրակոցներ էր արձակել Խ. Սահակյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս հրազենային վնասվածքներով հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։





























