2013 թվականին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի նախընտրական հանրահավաքում հարձակման մեջ մեղադրվող չորս մարդ մահապատժի է դատապարտվել, մյուս երկուսը՝ ցմահ ազատազրկման, հայտնում է AFP-ն։

Մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել արեւելյան Պատնա քաղաքի զբոսայգում՝ հսկայական ամբոխի առջեւ ընդդիմության այն ժամանակվա առաջնորդ Մոդիի ելույթից քիչ առաջ: Հարձակումների թիրախ էր դարձել նաեւ մոտակայքում գտնվող երկաթուղային կայարանը, ինչի հետեւանքով վեց մարդ էր զոհվել, եւ մոտ 100-ը՝ վիրավորվել:

Ազգային հետախուզական գործակալությունը՝ երկրի գլխավոր հակաահաբեկչական մարմինը, հայտարարել է, որ բոլոր մեղադրյալները պատկանում են «Հնդկաստանի ուսանողական իսլամական շարժում» արգելված խմբավորմանը:

Դատախազ Լալան Կումար Սինհան AFP-ին ասել է, որ խմբավորումը դատապարտվել է «կառավարության դեմ պատերազմի» նպատակով դավադրության համար։

Դատարանը նաեւ 7-10 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել հարձակումներին մասնակից երեք անձանց։

Ամբաստանյալների փաստաբանն ասել է, որ դատավճիռը կբողոքարկվի ավելի բարձր ատյանի դատարանում։