Լվացքի հնարավորությունն իրենց ավելի բնորոշ է, քան մեր քաղաքական թիմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության Մեղրիի համայնքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանն՝ անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արարատ Թումանյանի հայտարարությանը, թե Բագրատ Զաքարյանը մերժել է համայնքապետի տեղակալի եւ կոմունալ ծառայության պետի հաստիքները ՔՊ–ին տալու վերաբերյալ իրենց առաջարկը, որովհետեւ առանց այդ պաշտոնների լվացք չեն կարողանալու անել։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ  համայնքապետարանի հիմնական գործառույթներ կատարողը կոմունալ ծառայությունն է, դրա համար էլ Արարատ Թումանյանն առաջարկել էր, որ այդ երկու պաշտոններն իրենցը լինեն։ Մենք նույնիսկ համաձայնել ենք, որ այդ պաշտոններն իրենցը լինեն, բայց դրել ենք որոշ պահանջներ եւ նշել մարդկանց անուններ, որոնք այս պահին իրենց թիմում են, ու այդ աշխատանքներն այս երեք ամսվա ընթացքում այնքան  վատ են կազմակերպել,  եւ հենց այդ մարդկանց, ինչպես նաեւ հենց իր պատճառով է, որ ՔՊ–ն հավաքել էր այդքան քիչ ձայն։ Ինքը ստում է, երբ ասում է, որ Արամ Սարգսյանն առաջարկել է ու մենք մերժել ենք, նման բան չի եղել»,– ասաց Բագրատ Զաքարյանը։

Նա ընդգծեց, որ տվել են համայնքապետարանի մի քանի աշխատակիցների անուններ, որոնք չպետք է զբաղեցնեն համայնքապետի տեղակալի եւ կոմունալ ծառայության պետի հաստիքները։ Բագրատ Զաքարյանը համայնքապետարանի, իր կարծիքով, անարդյունավետ աշխատակիցներից միայն մեկի անունը նշեց՝ Արթուր Աթանեսյան, որն այժմ Մեղրիի համայնքապետարանի կոմունալ ծառայության պետն է։

«Այդ մարդիկ այն մարդիկ էն, որոնք իր հետ միասին պատրաստ են իրենց խոսքով ասած՝ լվացք անել, իսկ մենք լվացք անելու չենք գալիս, մենք մեր ժողովրդին խոստումներ ենք տվել եւ պատրաստ ենք դրանք կատարել, իսկ այդ մարդկանց հետ անհնար է այդ խոստումներն իրագործել, որովհետեւ իրենք որտեղ աշխատել են, զբաղվել են լվացք անելով եւ հենց դրա համար են ազատվել աշխատանքից։ Համապատասխան ծառայությունները թող ուսումնասիրեն այդ մարդկանց անցած ճանապարհը ու կենսագրությունը, կտեսնենք՝ ով է լվացք արել, Բագրատ Զաքարյա՞նը, թե Արարատ Թումանյա՞նը, որը 2014 թվականից մինչեւ հիմա չի կարողանում իր դատական հարցերը օրինական ճանապարհով լուծել, նույնիսկ հեղափոխությունից հետո»,–  ասաց Բագրատ Զաքարյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ընտրություններից 16 օր անց, երբ մանդատների բաշխում է եղել, ավագանու առաջին նիստ չի հրավիրվում, «Հանրապետություն» կուսակցության Մեղրիի համայնքապետի թեկնածուն ասաց, որ ըստ օրենքի՝ նիստ հրավիրողը կամ համայնքապետն է կամ էլ աշխատակազմը։

«Աշխատակազմն իր ենթակայության տակ է, բայց ո՛չ համայնքապետն է հրավիրել նիստ,  ո՛չ էլ աշխատակազմը, դրա համար էլ մենք սպասում ենք իրենց հրավերին։ Նախկինում օրենքը սահմանում էր, թե ավագանու առաջին նիստը երբ պետք է  կայանա, բայց հիմա օրենքում այդ կետը բացակայում է։ Այսինքն՝ օրենքի բաց է, կարծում եմ՝ նախկինում օրենքն այնպես է գրվել, որ ժամանակ շահեն քաղաքական առեւտուրների գնալու  համար»։

Նշենք, որ հոկտեմբերի 17–ին Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրություններում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է, որն ունի 6 մանդատ, մեծամասնություն ձեւավորելու համար պակասում է երկուսը, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 5 մանդատ, իսկ «Ապրելու երկիր» եւ «Ազատական» կուսակցություններն էլ՝ 2–ական մանդատներ։

NEWS.am–ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արարատ Թումանյանն ասել էր, որ  «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ՔՊ–ին առաջարկել է համայնքապետի թեկնածու ընտրել Բագրատ Զաքարյանին, ինչին ինքը դեմ չի եղել, բայց պայմանով, որ համայնքապետի  տեղակալի եւ կոմունալ ծառայության պետի հաստիքները պետք է ՔՊ–ինը լինեն։ Նրա խոսքով՝ Արամ Սարգսյանը ուրախությամբ համաձայնել է,  իսկ Բագրատ Զաքարյանը՝ ոչ։

«Որովհետեւ այս մարդիկ հասկանում են, որ կոմունալ ծառայության պետի ու համայնքապետի տեղակալի պաշտոնն իրենց ձեռքը չլինելով՝ ոչ մի լվացք չեն կարողանալու անել, իսկ մեր քաղաքական սկզբունքն այն է, որ Մեղրիում ինչ արվի՝ միայն մեր համայնքի բարօրության համար արվի»,– ասել էր Արարատ Թումանյանը։