2020 թվականի փետրվարից սկսած ՀՀ ԱԺ պատգամավորները որեւէ պարգեւավճար չեն ստացել։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին։

Պապոյանի խոսքով՝ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների համար նախատեսված են պարգեւավճարներ՝ նրանց ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով։ «Վարորդները, հանձնաժողովների փորձագետները, պատգամավորների օգնականները, տեխնիկական անձնակազմը կշարունակեն պարգեւավճարներ ստանալ, սակայն պատգամավորները չեն ստանա»,-նշեց Պապոյանը։