Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանված է նաեւ լիազորությունների ժամկետի ավարտից հետո։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ կա պաշտոնատար անձ (նկատի ունի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանին – խմբ.), որը հայտարարություն է արել, իսկ հետո էլի մի քանիսը (պաշտոնյաներ – խմբ.) ոգեւորվել եւ շարունակել են։ «Դա արժանի է դատապարտման։ Նրանք ամենակոպիտ խախտումներն են թույլ տվել»,- նշեց Թաթոյանը։
Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից նրա հեռանալուց հետո նրա հանդեպ իրավական գործընթաց սկսվի, նա պատասխանեց. «Օրենքն արգելում է նման վերաբերմունք օմբուդսմենի հանդեպ նաեւ նրա լիազորությունների ժամկետի ավարտից հետո։ Ոչ մեկին թույլ չեմ տա ինքնահաստատվել Հայաստանի օմբուդսմենի հաշվին»։



























