2022 թվականին Երեւանում կսկսվի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը: Այս մասին նոյեմբերի 3-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին  2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Նա հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարի 1-ից երկու քրեակատարողական հիմնարկ կփակվի՝ Կոշ գյուղում եւ Հրազդան քաղաքում։ Դրան զուգահեռ կընդլայնվի այլընտրանքային պատիժների համակարգը։ «Դրանից ելնելով պրոբացիոն ծառայության բյուջեն 530-ից կհասցվի 773 մլն դրամի։

Մասնավորապես, հսկողության տակ գտնվողների համար ձեռք կբերվեն էլեկտրոնային թեւնոցներ։ Նաեւ ծառայության կանցնի 50 նոր աշխատակից։ Սրան զուգահեռ կփակվի Հայաստանի ամենահայտնի քրեակատարողական հիմնարկներից մեկը՝ «Նուբարաշենը»։ Ըստ իր տեխնիկական վիճակի՝ այն ամենաանբարենպաստներից է։ Անմխիթար վիճակում են ոչ միայն պատերը, այլեւ հենց հիմքը։ Նուբարաշենի հարեւանությամբ կկառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ, իսկ բանտարկյալներն ու անձնակազմը կտեղափոխվեն նոր վայր»,- ասաց Անդրեասյանը։

Նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի հարեւանությամբ եւս կսկսվի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը։
Այն, ըստ նախարարի, օրինակելի կլինի ինչպես պահման պայմանների, այնպես էլ կարգուկանոնին հետեւելու խստությամբ։ «Եվրամիությունն աջակցություն կտրամադրի շինարարությանը, իսկ ստեղծված մոդելով հանրապետությունում կբարեփոխվեն նաեւ նմանատիպ այլ ինստիտուտներ»,- ասաց Արդարադատության նախարարը:

Նոր ՔԿՀ-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել մեկուկես տարուց։ Բացի այդ, իշխանությունները ցանկանում են վերանորոգման աշխատանքներ իրականացնել Արմավիրում տեղակայված նոր քրեակատարողական հիմնարկում, սակայն` արդեն հաջորդ տարի։

​