Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է հետ կանչել եւ փոխարինել Պարագվայում հանրապետության դեսպանին TikTok-ում տեսանյութի պատճառով, որը վիրավորական է համարվել հարեւան երկրում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պարագվայի Հանրապետությունում դեսպան Մարիո Քրոնեմբոլդ Ապոնտեի մեղքով տեղի ունեցած դիվանագիտական թյուրիմացության կապակցությամբ հայտնում ենք, որ նա անմիջապես կանչվել է Լա Պաս Բոլիվիայի ԱԳՆ։ Զեկույցը ստանալուց եւ այն գնահատելուց հետո դեսպան Քրոնեմբոլդը պաշտոնանկ է արվել»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Պարագվայի խորհրդարանականների ստորին պալատը քվեարկել էր Բոլիվիայի դեսպանին պերսոնա նոն գրատա ճանաչելու օգտին։ Սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ Քրոնեմբոլդը TikTok-ում տեսանյութ էր տեղադրել, որում նա կատակով խոսում է Պարագվայի ավանդական ըմպելիքի՝ տեռեռայի մասին եւ պատկերում տեղացիներին բնորոշ խոսքի ձեւը։



























