Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծանոթացել է հանրապետության սահմանադրության նոր տարբերակին։ Այդ մասին տեղեկացնում է «ԲելՏԱ» գործակալությունը։
«Ես ստացել եմ սահմանադրության վերջին տարբերակը՝ հաշվի առնելով մեր վերջին պայմանավորվածությունները, ծանոթացել եմ», - ասել է պետության ղեկավարը սահմանադրության վերջնական մշակմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ նոյեմբերի 4-ին հանդիպմանը կքննարկվեն հանրապետության համար ընդհանուր եւ կարեւոր թեմաներ, այդ թվում՝ Համաբելառուսական ժողովրդական ժողովի դերի ամրապնդումը, լիազորությունների վերաբաշխումը պետական իշխանությունների միջեւ եւ այլն:
Լուկաշենկոն պարզաբանել է, որ սահմանադրական հանձնաժողովն առաջարկել է նոր փաստաթղթի սեփական տարբերակները, սակայն դեռ «հղկում» է սպասվում, դեռ անհրաժեշտ է «սահմանադրությունը գրել իրավական լեզվով»։
«Կարծում եմ, որ մեզ աշխատանքային խմբի եւս մի հանդիպում անհրաժեշտ կլինի, իսկ հետո, ինչպես խոստացել էինք, տարբերակը կներկայացնենք սահմանադրական հանձնաժողովին»,- ասել է Լուկաշենկոն։
Սահմանադրությունը նախատեսվում է ներկայացնել հանրապետական հանրաքվեի, որը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի վերջին։



























