Իտալիայի Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա շրջանի դատարանը տուգանել է նախկին բուժքրոջը 583 հազար եվրոյի չափով չկատարած 8 հազար պատվաստումների համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով il Messaggero թերթին։

2009-2016թթ. Էմանուելա Պետրիլոն աշխատում էր հյուսիսային շրջանի երեք քաղաքների պետական բուժհաստատություններում։ Ինչպես տեղեկացրել է դատախազությունը, նրա պացիենտները հիմնականում երեխաներ էին։ Պետրիլոն, մեղադրանքի կողմի տվյալներով, միայն «ձեւացնում էր, թե ներարկում է դեղը՝ դրանով իսկ բացառելով պատվաստվողի սպասվող իմունային պատասխանը»։ Նրա գործողություններից առաջացած ընդհանուր վնասը դատախազությունը գնահատել է 660 հազար եվրո։

Նախկին բուժքրոջ դատավարության շրջանակում քննիչները նրա նախկին 159 պացիենտի արյան ուսումնասիրություն են կատարել, նրանցից 153-ի մոտ որեւէ ռեակցիա կարմրուկի դեմ չի եղել։

Միջոցների փոխհատուցման մասին դատավճռում նշվում է, որ կինը գործել է միտումնավոր եւ հանցավոր նպատակադրմամբ։ 2019թ. սեպտեմբերից Պետրիլոն անցնում է նաեւ մեկ այլ քրեական գործով, որի շրջանակում մեղադրվում է փաստաթղթերի կեղծման, հափշտակության եւ անփութության մեջ։