2022-ին ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում եւ տարբեր եվրոպական ֆինանսական կառույցների հետ նախատեսվում է իրականացնել 11 ծրագիր՝ 54 միջոցառմամբ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Այդ նպատակով ծրագրվում է հատկացնել 81 մլրդ 173 մլն դրամ։ «2021-ի համեմատ աճը կազմում է 18,3 տոկոս»,-նշեց նախարարը։
Ընդ որում, 32 մլրդ 976 մլն դրամ կծախսվի վարկային ծրագրերի իրականացման, իսկ 15 մլրդ 303 մլն դրամ՝ գրանտային ծրագրերի իրականացման համար։
Բացի այդ, կիրականացվեն սուբվարկային ծրագրեր 32 մլրդ 893 մլն դրամի չափով, որը կտրամադրվի ՀՀ կառավարության մասնակցությամբ։ Այսինքն՝ դրանք սուվերեն միջոցներ են։ Կառավարությունը պարզապես ներգրավված է նշված ֆինանսական միջոցների նկատմամբ մասնավոր սեկտորի հասանելիությունն ապահովելու համար։





























