Ավստրալիան հանուն իր շահի միացավ AUKUS-ին, անտեսում է իր միջազգային պարտավորությունները եւ միջազգային հանրության լուրջ մտահոգությունները՝ վտանգելով խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, այդպիսի մոտեցումը չափազանց անպատասխանատու է, հինգշաբթի ճեպազրույցում ասաց Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը:

Ավելի վաղ Sydney Morning Herald-ը հայտնել էր, որ ավստրալական երեք թերթեր հրապարակել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հաղորդագրությունն Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին, որն ուղարկվել էր Կանբերրայի՝ Ֆրանսիայից սովորական սուզանավերի մատակարարման «դարի պայմանագրի» մերժումից երկու օր առաջ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի տեխնոլոգիաներով միջուկային սուզանավերի։

Ավստրալիայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պիեր Թեբոն, մեկնաբանելով երկու երկրների ղեկավարների միջեւ անձնական նամակագրության արտահոսքը, ասել է, որ սա նոր աննախադեպ ցածր մակարդակ է գաղտնիության, ինչպես նաեւ ճշմարտության եւ վստահության առումով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ուշադրություն ենք դարձրել համապատասխան հաղորդագրությունների վրա։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի համագործակցությունը միջուկային սուզանավերի ոլորտում ոչ միայն դիվանագիտական ​​հակամարտություն է մի քանի երկրների միջեւ, այլ նաեւ լուրջ խնդիր է, որը միջուկային զենքի տարածման ռիսկեր է ստեղծում եւ հարվածներ է հասցնում տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է դիվանագետը։

Վան Վենբինը նշել է, որ «Ավստրալիայի կառավարությունն իր շահերից ելնելով անտեսում է միջուկային զենքի չտարածման ոլորտում իր միջազգային պարտավորությունները եւ ուշադրություն չի դարձնում տարածաշրջանի երկրների եւ միջազգային հանրության լուրջ մտահոգություններին. մոտեցումը ծայրաստիճան անպատասխանատու է»։

«Ավստրալիայի կառավարությունը պետք է ուղղի իր սխալները, հրաժարվի «սառը պատերազմի» մտածելակերպից, բարեխղճորեն կատարի միջուկային զենքի չտարածման իր միջազգային պարտավորությունները եւ պատշաճ կերպով պաշտպանի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- հավելել է նա:

2016 թվականի ապրիլին Ավստրալիայի նախկին վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը հայտարարեց, որ Ֆրանսիան հաղթել է Ավստրալիայում նոր սուզանավերի նավատորմի կառուցման մրցույթում։ 2018 թվականի մայիսին Մակրոնն այցելեց Ավստրալիա, դա Ֆրանսիայի նախագահի` պատմության մեջ երկրորդ այցն էր այդ երկիր։ Այնուհետ Թյորնբուլն ու Մակրոնը պայմանավորվեցին Ֆրանսիայի եւ Ավստրալիայի հարաբերությունները նոր մակարդակի հասցնել։ 2021 թվականի հունիսին Մակրոնն ու Մորիսոնը հանդիպեցին Փարիզում, որտեղ Ավստրալիայի ներկայիս վարչապետը, նրա պնդմամբ, մտահոգություն հայտնեց ֆրանսիական սուզանավերի ծրագրի շարունակման կապակցությամբ։

Սեպտեմբերի կեսերին Ավստրալիան պաշտպանության եւ անվտանգության պայմանագիր կնքեց Միացյալ Թագավորության եւ Միացյալ Նահանգների հետ նոր AUKUS գործընկերության շրջանակներում եւ հայտարարեց, որ դուրս է գալիս ֆրանսիական Naval Group ընկերության հետ 56 միլիարդ եվրո արժողությամբ սուզանավերի համաձայնագրից: Ֆրանսիայի հետ պայմանագիրը Barracuda դասի 12 հարվածային սուզանավի արտադրություն էր նախատեսում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դրանից հետո պայմանագիրը խախտելու Ավստրալիայի որոշումը «թիկունքից հարված» անվանեց: