Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի ՀՀ սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի քաղաք Իջևանում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 10 155 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 44.4 քառ. մետր մակերեսով տարածքը 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին:

Նպատակը՝ մարզում «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոն ստեղծելն է: Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացրած ծրագրի հմաձայն՝ «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնում անցկացվելու են դասընթացներ, հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ՝ կանանց ու տղամարդկանց հանրային ընկալումները փոխելու, երեխաների խնամքի և ծնողավարության մեջ տղամարդկանց մասնակցությունը խթանելու վերաբերյալ:

Կազմակերպությունն ապահովելու է անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքի վերանորոգումը, կահավորումը և նյութատեխնիկական հագեցումը:

Ծրագրի ավարտից հետո «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնը հանձնվելու է ՀՀ Տավուշի մարզպետարանի օգտագործմանը՝ որպես հարթակ համայնքում գործող պետական և հասարակական կազմակերպությունների կողմից տարբեր միջոցառումների անցկացման համար: