Մեծ Բրիտանիան կարող է արագացնել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին իրենց հարթակներում վնասակար բովանդակության համար քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը, եթե նրանք միջոցներ չձեռնարկեն այդ խնդիրը լուծելու համար, օրենսդիրներին ասել է թվային տեխնոլոգիաների նախարար Նադին Դորիսը, հաղորդում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիան ներկայացնում է օրինագիծ, ըստ որի Facebook-ի նման ընկերությունները կարող են տուգանվել իրենց շրջանառության 10%-ի չափով, եթե չհեռացնեն կամ չսահմանափակեն անօրինական բովանդակության տարածումը։ Կառավարությունը հայտարարել է, որ ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու լիազորություններն առաջարկվել են որպես «վերջին միջոց», որը պետք է մտցվի կանոնների հաստատումից առնվազն երկու տարի անց:
Սակայն Դորիսը, ով այդ պաշտոնում նշանակվել է սեպտեմբերին, ասել է, թե ուզում է, որ այդ գործընթացն արագացվի: «Մենք նախատեսում ենք կրճատել այս ժամանակը մինչեւ ավելի կարճ ժամկետներ»,- ասել է նա օրենսդիրներին:
Նրա խոսքով՝ խոշոր տեխնոլոգիական ընկերություններն արդեն իրենց հարթակներն ավելի անվտանգ դարձնելու հնարավորություն ունեն։ «Ինչո՞ւ ենք մենք նրանց երկու տարի ժամանակ տալիս, որպեսզի փոխեն այն, ինչ այսօր կարող են փոխել»,- ասել է նա:



























