2022թ. Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելիս զինծառայողների կյանքին եւ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման համար եկող տարվա պետբյուջեի նախագծով կհատկացվի 34,7 մլրդ դրամ։ Այս մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ գերատեսչությունն այս ուղղությամբ ընդհանուր կարիքների համար ներկայացրել էր 579,9 մլրդ դրամի հայտ, ինչը 2021թ. համեմատ 76,7 մլրդ դրամով ավելի է։

«Այդ միջոցներից 36,2 մլրդ դրամ կուղղվի մասնակիցների թոշակների հաշիվներին՝ որպես կուտակային հատկացումներ, իսկ 34,7 մլրդ դրամ կհատկացվի Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելիս զինծառայողների կյանքին եւ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման համար»,- տեղեկացրեց նախարարը։