Հայաստանում նվազագույն աշխատավարձն այժմ շատ ավելի ցածր է սպառողական նվազագույն զամբյուղի արժեքից։ Այս մասին նոյեմբերի 5-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Այդպես, նրա խոսքով, Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է։
«Սակայն այս տարվա հունիսի դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մեկ անձի համար կազմում էր 70 000 դրամ։ Իսկ թանկացումները շարունակվում են։ Իմ գնահատմամբ՝ հիմա այս զամբյուղն արդեն 75 հազար դրամ է, իսկ հաջորդ տարի 5.2-5.6 տոկոս գնաճով, որի մասին խոսում եք, կմոտենա 80 հազար դրամին»,- ասաց Ավետիսյանը։
Ընդ որում, նա նշեց, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծում նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացում նախատեսված չէ։
«Այնուամենայնիվ, դա անհրաժեշտ է անել արդեն հիմա»,- ընդգծեց պատգամավորը։





























