ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ երկրում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո լարվածությունը «փողոցում» նվազեց եւ տեղափոխվեց օրեսնդրական մարմին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Իսկապես, մեզ մոտ ճգնաժամային ժամանակ էր այն բանից հետո, երբ սկսվեց հրադադարն ու կանգնեցվեց պատերազմը։ Շնորհակալություն Ռուսաստանին։ Բայց սկսվեցին ներքին գործընթացներ, որոնք դարձան անկայունության աղբյուր երկրում»,- ասել է Սարգսյանը «Россия-24» հեռուստաալիքում, Կիրիլ Վիշինսկու «1/6» ծրագրի եթերում։ Նրա խոսքով՝ նա տարբեր քաղաքական ուժերին, վարչապետին ու նրա կուսակցությանը բացատրել է, որ նորմալ, կայուն, դեմոկրատական երկրում, ինչին ձգտում է Հայաստանը, նման իրավիճակները լուծվում են ընտրությունների ճանապարհով։
Նախագահը հավաստիացրել է, որ իր առաջարկը եղել է ավելի համալիր, նա կարծում է, որ Հայաստանը պետք է փոխի չհավասարակշռված սահմանադրությունը, որտեղ բավարար չեն վերահսկման կամ զսպման լծակները։ Բայց, Սարգսյանի խոսքով, առաջարկը մասամբ է ընդունվել, տեղի ունեցան ընտրություններ։ «Ես ուրախ եմ դրա համար, մենք երկար խոսակցություն ենք ունեցել վարչապետի հետ։ Ընտրությունները տեղի ունեցան, եւ սկզբունքորեն, կարող եմ հաստատ ասել, որ լարվածությունը փողոցում դրամատիկորեն նվազեց։ Այսինքն՝ այդ լարվածությունը տեղափոխվեց խորհրդարան»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նա կցանկանար տեսնել որակապես այլ հարաբերություններ բարեկամական Ռուսաստանի հետ։ «Ապագայում ես կցանկանայի տեսնել բոլորովին այլ հարաբերություններ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ։ Բայց դրա համար, նախ, մենք Հայաստանում պետք է փոխենք մեր վերաբերմունքը ինքներս մեր նկատմամբ։ Այսինքն՝ դա նշանակում է կառուցել փոքր խելացի պետություն, որն ունի շատ մեծ եւ ուժեղ բարեկամ՝ Ռուսաստանը, եւ դառնալ Ռուսաստանի Դաշնության իսկապես փոքր, բայց ուժեղ բարեկամ»։
Նախագահը կցանկանար «լինել ուժեղ երկրի նախագահ, որը հսկայական, մեծ, վաղեմի, պատմական բարեկամ ունի, որի հետ կարող ես գնալ դեպի ապագա»։ «Դրա համար կան բոլոր հնարավորությունները, որովհետեւ, եթե հայերը կարող են նոր տեխնոլոգիաներ բերել աշխարհի բոլոր երկրներից, մենք կարող ենք շատ հանգիստ զբաղվել այդ նոր տեխնոլոգիաներով Ռուսաստանի Դաշնության հետ միասին»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում ապրում են հսկայական թվաքանակով գիտնական, գործարար հայեր, եւ ոչ միայն եվրոպական մասում՝ Օրենբուրգից եւ Իրկուտսկից մինչեւ Վլադիվոստոկ։ «Ամենուր հայերն ապրում են լավ, ես հպարտ եմ նրանով, որ հայերը, ովքեր ապրում են ՌԴ-ում, բացարձակ մեծամասնությամբ Ռուսաստանի Դաշնության լավ քաղաքացիներ են։ Սա շատ կարեւոր է... Ես կարող եմ ասել ձեզ, թե Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավելի հանգամանալից կամ ավելի խոր համագործակցության որքան հնարավորություններ կան»,- նշել է Սարգսյանը։
Նա նաեւ պատասխանել է այն հարցին, թե ինչ է այսօր տալիս Ռուսաստանի հետ գործընկերությունը նրանց, ովքեր ապրում են Հայաստանում։ «Նախ՝ շատ բարդ հարց է, իսկ եթե այդ գործընկերությունը չլիներ, կլինե՞ր արդյոք Հայաստանը, թե՞ ոչ։ Երկրորդ՝ այդ հարաբերություններն այնքան խորն են, որ անգամ քննարկելն է անիմաստ... Դե, վերջին պատերազմը. որտե՞ղ կլիներ մեր ապագան, մեր պետությունը, եթե Ռուսաստանը չլիներ։ Դե, մանրամասները հասկանալի են։ Ե՞րբ այն (պատերազմը – խմբ.) կավարտվեր, եւ որտե՞ղ կավարտվեր, եթե չլիներ Ռուսաստանը»,- ասել է Սարգսյանը։



























