44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։
44-օրյա պատերազմ.
Օր 44-րդ՝ նոյեմբերի 9
«Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։ Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները»։
Քիչ անց Արցախի ԱԻՊԾ-ն նոր հաղորդագրություն տարածեց.
«Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են ռազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա»:
ԱԺ ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների ղեկավարները հանդիպում են պահանջել վարչապետից. ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում գրել է.
«Երկու շաբաթ առաջ, որպես ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ, Գագիկ Ծառուկյանի հետ միասին դիմել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ԱԽ հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը, սակայն, մինչ այժմ չի կայացել: Այսօր կրկին դիմել ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.
«Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել ՊԲ մարտիկների ու աշխարհազորայիների հետ, որոնք ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո»:
Ա.Հարությունյանը բացահայտ նշում է, որ Շուշին ընկել է (ավելի քան մեկ օր է...), թեեւ այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել։ Բացի այդ նա խոստանում է պատերազմից հետո խոսել ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացակնյանի մասին, որի ծառայություններից սկսեցին օգտվել միայն պատերազմի ամենավերջում։
Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում.
«Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որոնց արդյունքում վերջիններս, կորցնելով մեծ քանակի ուժեր, նահանջել են: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»:
Հիշեցնենք՝ Շուշին արդեն ընկել էր, օրհասական վիճակ էր ստեղծվել Ստեփանակերտի համար։
CNN Turk-ը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը ՌԴ պաշտոնակցին առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար: Ըստ հեռուստաալիքի՝ Թայիփ Էրդողանն այս առաջարկը հնչեցրել է Պուտինի հետ նոյեմբերի 7-ին կայացած հեռախոսային բանակցությունների ընթացքում:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.
«Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից»:
Հիշեցնենք, հակառակորդը Շուշին արդեն գրավել էր եւ նախաձեռնում էր արդեն հարձակում Ստեփանակերտի ուղղությամբ։
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում բողոքի լուռ ակցիա է իրականացրել ՀՅԴ Հայ Երիտասարդաց միության «Անի» մասնաճյուղը: Ակցիայի մասնակիցների ձեռքին ՀՀ, Արցախի և ԱՄՆ-ի դրոշներն էին եւ պաստառներ, որոնցում կոչ է արվում դադարեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։
Արցախի ՊԲ-ն նոր տեսանյութ է պատրաստել ՊԲ հրետանավորների մասին՝ նշելով, որ նրանք փայլուն են գործում.
«Չկա մի նշանակետ, որ կարողանա մեզնից փախչել: Կատարվելիք խնդիրները կախված են նրանից, թե որտեղ է մեր կարիքը ավելի մեծ: Մենք մեզնից հասանելիքը հաստատ անում ենք»:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.
«Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել»։
Քիչ անց՝ հավելել.
«Ուղղակի վստահեք բանակին, ուրիշ ոչինչ։ Վստահեք ու սպասեք»:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ՀՀ վարչապետի կոչով ստեղծված «Երևան» կամավորական ջոկատը մեկնել է պաշտպանելու Հայրենիքը: Նա նաեւ հաշվեհամարներ էր հրապարակել՝ դրամական փոխանցումների ակնկալիքով։
Նոյեմբերի 9-ը պատերազմի վերջին օրն էր։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծաղրի է ենթարկվել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատվամիջոցներով: Նա փորձել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլև հեղինակավոր BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի և Human Rights Watch-ի մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային և այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը: Լրագրողի այն դիտարկմանը, որ Ստեփանակերտում աշխատող BBC-ի թղթակիցն արձանագրել է, որ տեղի խաղաղ բնակչությունը թիրախավորվել է, Ալիևը նշել է, որ կասկածում է այդ վկայությանը: Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը Արցախի բնակչության նկատմամբ կիրառել է կասետային զինատեսակներ, ինչի վերաբերյալ կան վկայություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաև այդ ամենը մանրամասն փաստագրված է Human Rights Wathc-ի կողմից, Ադրբեջանի նախագահը դարձյալ նշել է, որ այդ ամենը կեղծիք է։
«Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։ Կադրերը քիչ անց»:
Նշենք, որ ռազմաճակատում դրությունն արդեն աղետալի էր։
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Ֆեյսբուքում գրել է․
«Որոշ «պանիկյորներ», իրենց նախորդ խուճապները արդարացնելու համար, նոր խուճապներ են տարածում։ ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք! Շուշիից չեն կարող գրոհել Ստեփանակերտը, քանի որ Շուշին մեր հսկողության տակ է»։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր գրառում արել՝ նշելով. «Զրուցել եմ ՊԲ մարտիկների ու աշխարհազորայիների հետ, որոնք ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»:
Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումը.
«Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»:
Ակնհայտ է Շուշիից ուշադրությունը շեղելու փորձը։
Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը, ԱԺ ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների՝ վարչապետի հետ հանդիպելու պահանջի վերաբերյալ ասել է, թե եթե նման հանդիպում նախատեսվի, ինքը կտեղեկացնի։
Առանց մեկնաբանության։
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահներ Պուտինը եւ Էրդողանը հեռախոսազրույցում իսկապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, նաեւ նշել, որ դրան ավելացնելու բան չունի։
Ավելի վաղ թուրքական CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Ղարաբաղի հարցով:
Դմիտրի Պեսկովը նաեւ հայտնել է, որ ՌԴ-ն բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական լուծման համար:
ԱԱԾ-ն հայտնել է, որ ՀՀ եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի եւ ռազմական մի շարք գաղտնիքների մասին վարձատրության դիմաց ադրբեջանական հետախուզական ծառայություններին տեղեկություններ փոխանցած ՀՀ քաղաքացի Մ․ Ս․-ն կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել։
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ շարունակում է ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։ Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։
Որքանո՞վ էր ողջամիտ պատերազմի օրհասական ժամերին հաղորդագրություն տարածելը, թե ոմանք Արցախից զենք են փախցնում-բերում ՀՀ։ Եվ արդյո՞ք ոստիկանությունը խոշոր տուգանքներով չէր պատժի նույն բանը հայտնող ԶԼՄ-ին։
«Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»: Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող ԶՈւ կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»։
Իրանը հյուսիսարեւմտյան սահմանամերձ շրջաններ բանակի արագ արձագանքման ստորաբաժանումներ է ուղարկել Իրանի օդային տարածքը հսկելու եւ պաշտպանելու համար: Բրիգադային գեներալ Ալի Աքբար Աբբաս Թաջադդոդը հայտարարել է, որ թշնամիները պետք է իմանան, որ եթե նրանք փոքրագույն չարամիտ քայլ կատարեն ԻԻՀ անվտանգության նկատմամբ, կոշտ պատասխան կստանան:
Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ լուսանկար հրապարակելով՝ գրել է.
«Աղոթում ենք մեր պատմական բերդաքաղաք Շուշիի պահապանների համար` Ամենակարող Աստծուց հայցելով զորավոր պահել հայոց բազկի ուժը` հանուն հաղթանակի ու հարատև խաղաղության»:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.
«Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է։ Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ»։
Ոչ մի խոսք Շուշիի անկման ու Ստեփանակերտի հանդեպ սպառնալիքի մասին։
«Զինուժ մեդիան» հրապարակել է տեսանյութ, որում երևում է Քարինտակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանման ոչնչացումը։
Ժամը 17-ին մոտ Արցախի նախագահի խոսնակը խոստովանել է, որ Շուշին թշնամու ձեռքում է.
«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո'չ հաջողությունը, ո'չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, եւ այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, եւ արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական եւ հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:
Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…
Կռվում ենք մինչեւ վերջ», գրել է Վահրամ Պողոսյանը։
«Հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս» գրող պաշտոնյան ինքն է բազմիցս նման թեզեր տարածել։ Այս հայտարարությունն այնպիսի ցնցում էր առաջացրել հանրության շրջանում, որ շատերը կասկածում էին, որ նրա ֆեյսբուքյան էջը թշնամին «կոտրել է» եւ կեղծ հաղորդագրություն տարածել։
Քիչ անց Վահրամ Պողոսյանը վստահեցրել է, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրված չէ։
«Էջս չեն կոտրել։ Դա իմ գրառումն է», - գրել է նա։
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկումները շարունակվում են, իսկ մամուլի հրապարակումները իրականությունից այնքան հեռու են՝ ինչքան թուրքերը բարեկրթությունից։ Նա ավելացրել է, որ քանի դեռ մի կողմից ռազմական դրություն է, մյուս կողմից էլ կուսակցությունները քննարկումների մեջ են՝ մանրամասներ հաղորդել չի կարող։
Արցախի նախագահը գրել է, որ պատերազմական գործողությունները ամբողջ ճակատով շարունակվում են.
«Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի:
Ես հավատում եմ», գրել է Արայիկ Հարությունյանը։
Նա վստահաբար արդեն գիտեր, որ ՌԴ-ն ուժեր էր բերում Արցախ՝ պատերազմն ավարտելու եւ խաղաղապահ առաքելությունը սկսելու համար։
Ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է.
«Շուշիի համար մարտերը շարունակվում են»:
Շատերը հենց այս գրառումն են համարում ամենատարօրինակը պատերազմի ողջ ընթացքում։ Դրանից մի քանի ժամ առաջ ՌԴ-ն արդեն սկսել էր զորքեր տեղափոխել Հայաստան՝ պատերազմը կանգնեցնելուց հետո հայ-ադրբեջանական զինված ստորաբաժանումներին միմյանցից բաժանելու համար։
Ոստիկանությունը եւս մեկ հաղորդագրություն է տարածել ռազմական դրության ռեժիմը խախտելու համար խոշոր տուգանքների ենթարկված ԶԼՄ-ների մասին։ Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 401 դեպք, որոնցից 196-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 235-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 76-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։
Հիշեցնենք, որ իշխանությունն ավելի էր խստացրել պատիժները՝ ներառելով նաեւ ազատազրկումը։
«Մի հատ էս ֆեյսբուքյան գժանոցը թարգեք, էս ինչ ա՞ ստեղ կատարվում, մի պահ կտրվեք կողքից նայեք ինչ է կատարվում, սա ահավոր երևույթ է, այ սա է իրական կատաստրոֆա, այլ ոչ թե Շուշին տալ կամ չտալը, և այս ասած նաև պաշտոնյաններին է վերաբերվում: Որովհետև հիմա ես հստակ չգիտեմ լիակատար ում վերահսկողության տակ է Շուշին, բայց եթե ասենք մերը չի էլ, հետո ի՞նչ, հետո ի՞նչ, որ մերը չի, հետո ի՞նչ, ի՞նչ եք առաջարկում էս խայտառակ երևույթով, որը հիմա այս տիրույթում տեղի է ունենում, և որը իրականում այստեղ տիրել է գրեթե 50 օր շարունակ՝ լավ լուրից տալի սպանում ենք, վատ լուրից ցայտնոտ եք անում չեմադաննիյ նաստրայենիյով: Հանգստացեք, հանգիստ: Անգամ, եթե Շուշին էլ մեր վերահսկողության տակ չէ, դա չի նշանակում, որ թշնամին կանգնելու է՞ կամ պատերազմը ավարտվելու է՞:
Եվ այո, այդ մի բանը ճիշտ է ասված, ինչքան վախտ է ասում եմ, անկախ ամեն ինչից պետք է գոտեպնդվել, միայն ամուր թիկունքով է լինում պինդ ճակատ: Եվ այո, անկախ ամենինչից բեկում լինելու է՜:
Մեռանք ասելով, տրամադրությունների տատանումը ազդում է բոլորի վրա, անգամ, եթե մահապատժի պես լուր եք լսում, մեկ է՝ եղեք սառնասի՜րտ, եղեք սառնասի՜րտ, եղեք սառնասի՜րտ, սթա՜փ, զու՜սպ, զգո՜ն, խելացի՜, ձի՜գ, պի՜նդ, ամու՜ր, ուժե՜ղ, ինքնավստա՜հ, գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, և իհարկե պարտադիր կասկով, միասնական #Հաղթելունեք»։
Առանց մեկնաբանության։
Հայաստանյան 17 կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ.
«Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան եւ չիրագործված:
Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի եւ ծանր: Որպես պետություն եւ ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջեւ, որը պահանջում է վճռական որոշումներ եւ գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին:
Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին եւ արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային եւ տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների եւ առաջին հերթին ՌԴ հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը:
Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային լրջագույն կորուստների առջեւ: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական եւ բարոյական հիմքերից:
Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝
ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ եւ անցնցում հեռացումը,
իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող եւ ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:
Սիրելի հայրենակիցներ, օրհասական այս պահին մեր պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով եւ այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատերազմի վերջին օրն էլ է հարցազրույց ունեցել, այս անգամ հունական Kathimerini օրաթերթի հետ։ Ըստ նրա՝ էթնիկ զտումն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի այս անմարդկային ագրեսիայի վերջնական նպատակը.
«Այդ պատճառով էլ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ դադարեցնել իր ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ անմեղ ժողովրդի, այլ՝ ցանկանում է ավարտին հասցնել գործը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու անվան տակ նրանք ցանկանում են ոչ թե խաղաղություն, այլ՝ ողբերգություն, քաղաքացիների սպանություններ, եկեղեցիների, հիվանդանոցների ու մանկապարտեզների ավերում և ահաբեկչության տարածում: Ո՞վ կհամաձայնի ապրել այդ բարբարոս ահաբեկիչների հետ», ասել է նա:
Արմեն Սարգսյանն ասել է, որ եթե Հայաստանը երբևէ ցանկանար թիրախավորել և ոչնչացնել այդ գազատարներն ու նավթատարները, ապա դա անելու համար ուներ բազմաթիվ հնարավորություններ.
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ընթանում է ինտենսիվ պատերազմ, և տարաբնույթ ռազմական մարտավարական գործողությունները չեն կարող համարվել տարածքային կորուստներ կամ ձեռքբերումներ:
Սփյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Դանիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից շուտով Հայաստան կհասնի ռեանիմոբիլների նոր խմբաքանակ (ավելի քան 20)՝ բեռնված առողջապահական տարաբնույթ պարագաներով: Իտալիայի հայ համայնքը 24 միլիոն դրամին համարժեք եվրո է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը ռեանիմոբիլ ձեռք բերելու նպատակով:
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Ֆեսյբուքում գրել է.
«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։ Շուշին եղել և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է»:
Շատերը համարում են, որ սա «իրականությունից կտրված» պաշտոնյայի հայտարարություն է, ինչը, Արցախի նախագահի խոսնակի այսօրվա բնորոշմամբ՝ ոչինչ չի տալիս։
Դաշնակցության Արցախի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը կասկածելի է համարում Շուշիի մասին Արցախի ղեկավարության հայտարարությունը։ Նա ասել է, որ ռազմական գործողությունները շարունակվում են, եւ, ըստ պատգամավորի՝ դժվար է այս պահին որոշակի գնահատական տալը.
«Եթե ՊԲ-ն համապատասխան հաստատումներ չի անում, կարծում եմ՝ քաղաքական իշխանությունների տեսակետն ինչ-որ տեղ պետք է կասկածի տակ առնել։ Բանակն ունի իր խնդիրները եւ դրանք կատարում է։ Այլ տեսակետներն առաջացնում են որոշակի խուճապային տրամադրություններ։ Պետք է որոշակի զսպվածություն ցուցաբարենք եւ չփորձենք դեպքերից առաջ ընկնել», ասել է նա։
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Թվիթերում գրել է.
«Թող որեւէ մեկը փորձ չանի նույնիսկ չնչին մեղք բարդել Հայոց բանակի վրա: Թույլ չենք տա քաղաքական անմեղսունակ որոշումները արդարացնել ի հաշիվ մեր հերոսական բանակի: Անվերապահորեն սատարում ենք ՀՀ եւ ԱՀ Զինված ուժերին»:
18։40-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանին ռուսական ուղղաթիռ է խոցվել: Ուղղաթիռի բեկորներն ընկել են Արարատի մարզի տարածքում՝ Երասխավանի մոտակայքում: Նախնական տվյալներով՝ զոհեր կան:
ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ ռուսական Մի-24 ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է անձնակազմի 2 անդամ: Ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական կողմից:
Երեկոյան լուր տարածվեց, որ ՊՆ-ում ուշագնաց է եղել Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ նա ունեցել է ճնշման տատանումներ, տեղափոխվել է հոսպիտալ, ինքնազգացողությունը լավացել է:
«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող»:
Ինչ նպատակ էին հետապնդում Շուշիի հակասական հաղորդագրությունները, հավանաբար պարզ կլինի ավելի ուշ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը շատ ակտիվ մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը.
«Կարող եմ ասել, որ Ռուսաստանը ծրագրում է էլ ավելի ակտիվ մասնակցել ոչ թե հակամարտությանը, այլ դրա կարգավորմանը: Մոսկվան օգտագործում է բոլոր հնարավորությունները, որպեսզի «իրավիճակը կարգավորվի, եւ կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ»: Ոչ ոք չէր հավատում, որ կողմերը կարող են համաձայնության հասնել, եւ Ռուսաստանը ցույց տվեց, որ միջնորդական ջանքերի շնորհիվ դա հնարավոր է»,- ասել է Զախարովան:
Մարիա Զախարովան նաեւ ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորում չկա, Մոսկվան չի կիսում այդ հարցով Անկարայի տեսակետը:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս:
ՊԲ ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը հայտարարել է, որ վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել էր Շուշիի ուղղությամբ: Նրա խոսքով՝ այդ օրերին ընթացել են համառ մարտեր.
«ՊԲ ստորաբաժանումները պաշտպանել եւ պաշտպանում են մեր ինքնության, մեր Արցախի խորհրդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին եւ պատրաստ են վճռականորեն կատարել իրենց խնդիրը: Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել են, ենթարկվել են կրակային ներգործության եւ կրել են մեծ կորուստներ: Նշեմ նաեւ, որ այդ հատվածում մեր ստորաբաժանումներին հաջողվել է գերեվարել 2 ադրբեջանցի զինծառայողների: Ներկայում Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռեւս շարունակվում են»,- ասել է նա:
Սուրեն Սարումյանը փորձել է պարզաբանել Շուշիի շուրջ հաղորդագրությունների հակասականությունը.
«Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին կամ ավարտվել են: Այս առումով ուզում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաեւ գաղտնիության որոշակի նկատառումներ: Այդ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին: Ամեն դեպքում մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք վստահել պաշտոնական հաղորդագրություններին եւ հետեւել միայն պաշտոնական աղբյուրներին»:
«Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։ Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։ Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը։ Քաղաքում ավերածությունները շատ են։ Հրթիռակոծված թաղամասերում ռազմական որեւէ օբյեկտ չկա»։
Սուրեն Սարումյանը հայտնել է նաեւ, որ բացի Շուշիից հակառակորդը մարտական գործողություններ է ձեռնարկել նաեւ ռազմաճակատի մյուս հատվածներում.
«Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Տարբեր ուղղություններում օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա եւ 8 ԱԹՍ: Հարավ-արեւմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում մեր բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանք եւ հրետանային միջոցներ»:
Եվս մեկ դրվագ Սուրեն Սարումյանի պարզաբանումներից.
«Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով: Այսինքն երբ գործ ունենք հարթավայրային տարածքների հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսանավում եւ զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու եւ առավել արդյունավետ խոցելու համար:
Սակայն Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու: Վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները եւ կատարել իր խնդիրը: Զորքերի տրամադրությունը մարտական է, հոռետեսական տրամադրություններ չկան, տղաները մուր են ոգով եւ պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել իրենց հայրենիքը: Ինչպես միշտ անհաջողություններ կրելով մարտադաշտում հակառակորդը փորձում է դա փոխհատուցել խաղաղ բնակավայրերի հասցվող հարվածներով: Կրկին թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, որտեղ չկա որեւէ ռազմական օբյեկտ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Վստահեցնում եմ, որ հաղթանակը մերն է լինելու»:
Աղետալի հետեւանքներով պատերազմի ավարտին մնացել էր 2 ժամ։
Սուրեն Սարումյանի մեկնաբանությունը Շուշիում ադրբեջանական դրոշ բարձրացնելու վերաբերյալ տեսանյութին.
«Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր եւ այդ խնդիրը կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որեւէ կորստի հետ, վստահեցնում եմ, այդ դեպքում ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոն հետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որեւէ բնակավայր եւ 1 կամ երկու րոպեով ինչ-որ դրոշակ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով: Եթե դրոշ բարձրացնելու գինը այդ ստորաբաժումների գլխովին ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»:
Դարձյալ նկատենք, որ պարզ չեն Շուշիի շուրջ անորոշությունները պահպանելու ՊԲ հրամանատարության փորձերը։
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որի հետեւանքով ռուսական ուղղաթիռ է խոցվել։
«Կսպասենք հետաքննության արդյունքներին, որտեղից է արձակվել կրակոցը»,- ասել է Զայնետդինովը:
«Սիրելիներս արդեն լավ եմ, վաղվանից կլինեմ շարքում, իմ ճակատի ու իմ բնագծում։ Որքան էլ ներքին ու արտաքին թուրքերը ուրախանան Ես իմ բանակին երբեք չեմ լքի, նահանջի թէ հաղթանակի ժամանակ իմ զորքի հետ եմ»։
Կեսգիշերին մոտ հայ հանրությունը երկրորդ խոշոր ցնցումն ապրեց. Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ահազանգեց, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հողերի հանձնման մի խայտառակ փաստաթուղթ, որը պարզապես աղետալի է Հայաստանի համար.
«Փաստաթուղթ, որը կոտրելու է պետության ողնաշարը, զրոյացնելու է մեր ժողովրդի 30 տարվա սխրանքներն ու ձեռքբերումները։
Պատերազմի մեկնարկի պահից պետական դավաճանների այս խմբակը ժողովրդից իրականությունը թաքցնելով, սուտ եւ անհիմն լուրերով մարդկանց զգոնությունը բթացնելով՝ երկիրը հասցրեց այս աղետալի հանգրվանին։ Արդյունքում ունենք հազարավոր զոհեր, խեղված ճակատագրեր, անտուն մնացած ու անտերության մատնված փախստականներ եւ անդառնալի տարածքային կորուստներ։
Անցած 2.5 տարիներին բոլոր հնարավոր միջոցներով փորձել եմ բացատրել եւ փաստերով հիմնավորել, որ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ դարձրած արտաքին ուժերը մեծ աղետ են նախապատրաստում Արցախի եւ հայ ժողովրդի համար։ Բայց դուք, սիրելի՛ ժողովուրդ, համառորեն չէիք ուզում լսել իրականությունը։
Սոցիալական խնդիրներից ու անարդարությունից հոգնած, գործակալական ցանցի մանիպուլյացիաների ու հին իշխանության սխալների ու նորերից ամբոխահաճո ստերի պատճառով կուրացած եւ խլացած՝ դուք չէիք ուզում ո’չ տեսնել եւ ո’չ լսել։ Արդյունքում սուտը հաղթեց ճշմարտությանը, տգիտությունը հաղթեց բանականությանը, իսկ «ֆեյսբուքաՀայաստանը» հաղթեց իրական հայրենիքին։
Ես չեմ դիմում Նիկոլին եւ նրա դավաճանների խմբակին։ Նրանք պատրաստ են ամեն ինչի։ Նրանք բերվեցին իշխանության այս օրվա եւ այս փաստաթուղթը ստորագրելու համար։
Ես դիմում եմ բոլոր հայերին, որոնց սիրտը ցավում է հայրենիքի համար, դիմում եմ նրանց, ովքեր 1991-ից ի վեր Արցախում թողել են իրենց արյունը, ծնողներին ու երեխաներին, նրանց, ովքեր այսօր էլ առյուծի պես կռվում են իրենց երեխաների ապագայի համար, պահանջեք, որ գոնե մեկ անգամ այս աթոռապաշտ անմեղսունակը հրապարակի թե ինչ է խոստացել ստորագրել Հայաստանի ու հայ ժողովրդի անունից։
Առավել եւս, որ խոստացել էր, թե Արցախին վերաբերող ցանկացած որոշում կայացնելու է հրապարակավ՝ ժողովրդի համաձայնությունը ստանալուց հետո։
Մարդիկ պետք է իմանան ինչ փաստաթուղթ է այժմ նախապատրաստվում։
Վաղը ուշ է լինելու, երկիր ենք կորցնում...»։
Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը չի մեկնաբանել, թե ինչ նպատակով էր ՌԴ դեպանը Կառավարությունում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեսպանը, թերեւս, պատերազմն ավարտող եռակողմ համաձայնագրի որոշ կետեր համաձայեցնելու նպատակով էր կառավարության շենքում։
Սա նոյեմբերի 9-ի վերջին լուրն էր. առջեւում բուռն ու հուզական իրադարձություններով՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության ամենածանր գիշերներից մեկն էր։




























