Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին համաձայնել է ֆինանսական փոխհատուցում վճարել սեռական բռնության զոհերին, հայտնում է AP-ը։
Եպիսկոպոսական կոնֆերանսի նախագահ Էրիկ դը Մուլեն-Բոֆորն ասել է, որ եկեղեցին ճանաչել է իր «ինստիտուցիոնալ պատասխանատվությունը» եւ որոշել է գնալ «ճանաչման եւ հատուցման ճանապարհով»։ Կոնֆերանսն անցկացվել է մեկ ամիս անց այն բանից հետո, երբ զեկույցը բացահայտել է ֆրանսիական կաթոլիկ եկեղեցում երեխաների համատարած սեռական բռնության դեպքերը: Անկախ հանձնաժողովի կողմից հրապարակված ուսումնասիրության մեջ նշվում է, որ 70 տարվա ընթացքում մոտ 330 000 երեխա սեռական բռնության է ենթարկվել քահանաների կամ եկեղեցու հետ կապված այլ անձանց կողմից: «Մենք զզվանք եւ սարսափ զգացինք մեր ներսում, երբ հասկացանք, թե որքան շատ մարդիկ են տառապել եւ շարունակում են տառապել»,-ասել է Բոֆորը։





























