44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում նաեւ բանակաշինության հարցը քննելը խանգարելու է Զինված ուժերի մարտունակությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում պետք է քննվի նաեւ իր ասած՝ բանակաշինության հարցը։
«Դա արվում է այն բանի համար, որ ամբողջությամբ իրենց վրայից պատասխանատվությունը գցեն, որ ասեն՝ այն ժամանակ սա ու սա սխալ է եղել, դրա համար էլ մենք պարտվել ենք, դրա համար էլ մեր բանակը պատերազմին պատրաստ չի եղել, մենք դրա մասին չենք իմացել։ Պատկերացնում եք, թե դա ինչ տիտանական աշխատանք է։ Միայն ապրիլյան պատերազմի ժամանակ տասնյակ բարձրաստիճան սպաների անընդհատ կանչում էին հարցաքննության, առօրյա աշխատանքից կտրում էին։ Մարդիկ գնում ու հասնում են 1994 թվական, այսինքն՝ 30 տարի հետ են գնում»,- ասաց նա։
Նշենք՝ Փաշինյանը նաեւ անդրադարձել է Су-30СМ-երի գնմանը եւ ասել՝ իրեն Զինված ուժերի ներկայացուցիչներն են ասել, որ այն անհրաժեշտ է բանակին։
«Երբ ՍՈՒ-30-ները քննարկում էին գնելու համար, ես ելույթ էի ունենում, ասում էի՝ այս օբյեկտիվ պատճառներից ելնելով բերում էի թվեր, փաստեր, ասում էի՝ ՍՈՒ-30-ները ձեռք բերելը սխալ է։ Երբ դու գնում ես ՍՈՒ-30, դու չունես օդաչու , որը կարողանա տիրապետել։ Ասում էի՝ պատերազմը սարերի հետեւում չի, գնեք այն զինտեխնիկան, որը կարող եք հենց հիմա օգտագործել։ Այդ զինտեխնիկան ոչ մի վայրկյան մարտական գործողություններին չի մասնակցել»,- նշեց ռազմական փորձագետը։



























