Նախկին բանտարկյալները հայց են ներկայացրել Օկլահոմայի բանտի դեմ՝ պնդելով, որ բանտի աշխատակիցներն իրենց «տանջել են» մանկական երգով՝ ստիպելով ժամերով կանգնել ու լսել անընդհատ կրկնվող Baby Shark մանկական երգը։
Հայցվորները նախկին բանտարկյալներ են, որոնք իրենց հայցում ասում են, որ հարավկորեական Pinkfong ընկերության ձայնագրությունն օգտագործվել է որպես «իրենց խոշտանգելու միջոց», մինչդեռ իրենք նաեւ բառային եւ ֆիզիկական բռնության են ենթարկվել, հայտնում է Washington Post-ը։
Նախկին բանտարկյալ Դենիել Հեդրիկն ասել է, որ իրեն ձեռնաշղթաներով դատարկ սենյակում կապել են պատից՝ ստիպելով երկու ժամ լսել այդ երգը: Մեկ այլ հայցվոր՝ Ջոզեֆ Միթչելը, պնդում է, որ ինքը գրեթե կրկնակի երկար է ենթարկվել նմանատիպ խոշտանգման։
Միթչելը, Հեդրիկը եւ համահայցվոր Ջոն Բասկոն 2019 թվականի վերջին կալանքի տակ են եղել՝ սպասելով Օկլահոմա շրջանի կալանավայրում դատավարությանը, եւ ասել են, որ իրենց նույնպես «տանջել են» այդ երգով:
Խոշտանգումների մեջ մեղադրվող երկու բանտի աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Նրանց եւ նրանց այն ժամանակվա ղեկավարին, ով հետագայում թոշակի է անցել, բացի դատական գործից, նաեւ մանր հանցագործության մեղադրանք է առաջադրվել:
Baby Shark երգը լայն տարածում է գտել երկու տարի առաջ այն բանից հետո, երբ Pinkfong-ը համացանցում տեղադրել է իր առաջին տեսահոլովակը:





























