Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքն ընդունել է նոր կանոններ, որոնք կարգավորում են Աբու Դաբիում ոչ մահմեդականների ամուսնալուծությունը, ժառանգականությունը եւ երեխաների խնամակալությունը, հայտնում է երկրի պետական WAM գործակալությունը:
Աբու Դաբին կստեղծի նոր դատարան, որը կզբաղվի այս գործերով, որոնք կլսվեն եւ՛ արաբերեն, եւ՛ անգլերեն, որպեսզի ավելի հասկանալի լինեն էմիրության մեծ թվով արտասահմանցի աշխատողների համար:
Երեխաների խնամակալության կարգի փոփոխությունը թույլ կտա ծնողներին կիսել համատեղ խնամակալությունը, հայտնում է WAM-ը: Օրենքը ներմուծում է նաեւ քաղաքացիական ամուսնության գաղափարը, թույլ է տալիս կտակներ կազմել՝ ժառանգություն տրամադրելով ցանկացած անձի, եւ լուծում է հայրության հարցերը։
Նոր օրենքը ընդունվել է այն բանից հետո, երբ անցյալ տարի իշխանությունները հայտարարեցին, որ իրենք կվերանայեն երկրի իսլամական օրենքները՝ թույլ տալով չամուսնացած զույգերին միասին ապրել, թուլացնելով ալկոհոլի օգտագործման սահմանափակումները եւ քրեականացնելով, այսպես կոչված, «պատվի սպանությունները»:
2020 թվականի սեպտեմբերին Աբու Դաբիում նաեւ դադարեցվել է ալկոհոլային խմիչքների լիցենզավորման համակարգը: Այս տարվա սեպտեմբերին ԱՄԷ-ն ընդհանուր առմամբ հայտարարել է իր տնտեսությունը խթանելու եւ օտարերկրացիների համար բնակության խիստ կանոնները ազատականացնելու եւս մեկ ծրագրի մասին:



























