Գրականության ոլորտում միակ թուրք Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի դեմ կրկին հետաքննություն կսկսվի այն ​​բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը որոշել է ստուգել այն պնդումները, թե Փամուքի վերջին՝ «Ժանտախտի գիշերները» վեպը վիրավորում է Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքին, գրում է Al-Monitor-ը։ Մեղադրանք է առաջադրել Իզմիր քաղաքից փաստաբան Թարքան Ուլուքը, ով ասում է, որ վեպի գլխավոր հերոսներից Քոլագասի Քամիլը Թուրքիայի հիմնադրի  քողարկված նախատիպն է։

Վեպի իրադարձությունները ծավալվում են 1901 թվականին Մինգերում՝  Էգեյան ծովում գտնվող երեւակայական, բազմազգ եւ բազմահավատ օսմանյան կղզում, երբ կղզուն պատուհասում է համաճարակ եւ սահմանվում են կարանտինային միջոցներ։

«Քամիլի (հավակնոտ եւ վճռական ռազմական սպա, ում ձգտումը նրան դարձնում է կղզու նախագահ) կերպարը ծաղրում է Աթաթուրքին»,-ասում է Ուլուքը՝ բացատրելով, որ ինքը քրեական գործ է հարուցել Իզմիրի դատախազություն։ «Մենք պահանջում ենք, որպեսզի վեպը, որը վիրավորում է Աթաթուրքին եւ թուրքական դրոշը, անհապաղ հանվի գրադարակներից»,-նշել է նա։

Հեղինակի ցուցմունքից հետո դատախազությունը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել։ «Այնուհետեւ մենք վերաքննիչ բողոք ներկայացրեցինք քրեական հետապնդումից հրաժարվելու դեմ, եւ այս շաբաթվա սկզբին դատարանը որոշեց, որ հետաքննությունը կվերաբացվի»,-ասել է Ուլուքը։

«Դատարանի վճիռ դեռ չկա, բայց վստահեցնում եմ, որ գործը կհասցնենք մինչեւ վերջ»,-հավելել է Ուլուքը։ Բազմաթիվ ակտիվիստներ, իրավաբաններ, արվեստագետներ եւ գրողներ իրենց աջակցությունն են հայտնել Փամուքին եւ իրենց զայրույթն են հայտնել քրեական հետապնդում չկիրառելու մասին որոշման չեղարկման կապակցությամբ՝ այն անվանելով «ամոթ»։            

«Նման գործողությունները հակասում են խոսքի ազատությանը, որը, կարծում եմ, մեզ ավելի շատ պետք է մտահոգի, քան իշխանություն ունեցող մարդկանց  պաշտպանություն ապահովելը»,-ասում է իրավապաշտպան Օրհան Քեմալ Ջենգիզը:

Օգոստոսին Bianet անկախ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Փամուքն ասել է. «Քամիլը դեմ է սուլթանին, ֆեոդալիզմին եւ հին ռեժիմին, երբ ասում է՝ «Կեցցե՛ ազատությունը»: Ամենամեծ, ամենակախարդական եւ ամենահզոր գաղափարական հայեցակարգն ազատությունն է: Մենք դա հասկանում ենք, երբ Քամիլը կանչում է հրապարակում հավաքված ամբոխին եւ ասում՝ «Կեցցե՛ ազատությունը»: Սա, իհարկե, վերաբերում է այսօրվա Թուրքիայում ազատության բացակայությանը»։