Արեգակի վրա երկարատեւ բռնկում է տեղի ունեցել, ԱՄՆ Օվկիանոսային եւ մթնոլորտային ազգային վարչության Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը հայտնել է արեւի ակտիվության աճի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրադարձությունը տեղի է ունեցել նախօրեին ժամը 20:00-ի սահմաններում։ Գրանցված բռնկմանը M2 - չափավոր ուժեղ աստիճան է տրվել: Հաղորդվում է, որ բռնկումը տեղի է ունեցել պսակի զանգվածային արտանետման հետ միաժամանակ: Հավանականություն կա, որ արտանետումը չի ուղղվի դեպի Երկիր եւ կանցնի մեր ուղեծրի մոտով։
Բռնկումները կախված հզորությունից դասակարգվում են A, B, C, M եւ X: Ինչպես պարզաբանել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պ.Ն. Լեբեդեւի անվան Ֆիզիկական Ինստիտուտի Արեւի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Կուզինը, պլազմային ամպերը, որոնք Արեգակը դուրս է նետում նման պահերին, երկու-երեք օրվա ընթացքում կարող են Երկրի վրա մագնիսական փոթորկի հանգեցնել։
Համարվում է, որ թույլ փոթորիկը կարող է փոքր խափանումներ առաջացնել էներգահամակարգերի աշխատանքի մեջ եւ ազդել թռչունների եւ կենդանիների միգրացիոն ուղիների վրա, իսկ ավելի ուժեղները՝ կարճ ալիքների հաղորդակցության եւ նավիգացիոն համակարգերի վրա, ինչպես նաեւ կարող են լարման ալիքներ առաջացնել արդյունաբերական ցանցերում: M2 դասի բռնկումն ունակ է խաթարել հաղորդակցությունը մոլորակի որոշ մասերում:





























