WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով գտնվում է Լոնդոնի Բելմարշ բանտում, եւ նրա հարսնացուն՝ Ստելլա Մորիսը, ՔԿՀ-ում ամուսնանալու թույլտվություն են ստացել։ Այս մասին PA գործակալությանը հայտնել է ինքը՝ Մորիսը։ «Այն, որ ողջախոհությունը գերիշխեց, ինձ համար թեթեւություն է, եւ հուսով եմ, որ մեր հարսանիքի հարցերին այլեւս միջամտություն չի լինի»,- ասել է նա։
Ինչպես նշում է The Sun-ը, ավստրալացին ու նրա հարսնացուն իրենք են վճարելու արարողության համար, որը պետք է լինի շատ համեստ եւ դրան ներկա կլինի ընդամենը մի քանի մարդ։ Տաբլոիդը նաեւ ենթադրում է, որ հարսանիքի վայրը կարող է լինել բանտային եկեղեցին՝ հաշվի առնելով, որ Ասանժը եւ Մորիսը կաթոլիկ են:
Կիրակի օրը The Mail on Sunday-ը հայտնել է, որ Ասանժը եւ Մորիսը դատի են տվել Մեծ Բրիտանիայի գլխավոր դատախազ Դոմինիկ Ռաաբին՝ զույգի ամուսնությունը թույլ չտալու համար: Նշվում է, որ մայիսին Մորիսն Ասանժի հետ հարսանիք կազմակերպելու խնդրանքով դիմել էր բանտի քահանային, սակայն աջակցություն չէր ստացել նրանից։ Հոկտեմբերի 7-ին WikiLeaks-ի հիմնադրի հարսնացուն պաշտոնական ամուսնության խնդրանք էր ուղարկել Բելմարշ բանտի ղեկավար Ջենի Լուիի գրասենյակ, սակայն պատասխան չէր ստացել։ Մեկ շաբաթ անց Ասանժի փաստաբանները խնդրեցին թույլ տալ Գրինվիչ թաղամասի ՔԿԱԳ ներկայացուցչին այցելել բանտ, սակայն նրանց դիմումներին կրկին արձագանք չեղավ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ 38-ամյա Մորիսը պատմել էր, որ Ասանժի հետ ծանոթացել է 2011 թվականին, սկսել հանդիպել 2015 թվականին, եւ որ նրանք ունեն երկու երեխա՝ Մաքսն ու Գաբրիելը։ Նրանք ծնվել են այն ժամանակ, երբ ավստրալացին թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը (2012-2019):





























