Mammuthus primigenius մամոնտի անհետացման գործում մարդու դերը բավականին զգալի էր, ընդ որում՝ այն ազդել է 11 700 թվականին մեկնարկած հոլոցենի դարաշրջանից շատ ավելի վաղ: Այդ եզրակացությունն արել է Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանից Դեմիեն Ֆորդենի գլխավորությամբ միջազգային հետազոտական խումբը քարացուկները, հնագույն ԴՆԹ-ն եւ համակարգչային մոդելների կառուցվածքն ուսումնասիրելու հիման վրա: Հոդվածը հրապարակվել է Ecological Letters պարբերականում:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ եղել են որոշիչ եւ անփոփոխ գործոններից մեկը, որոնք ազդել են մամոնտների պոպուլյացիայի կրճատման վրա, կարեւորագույն դեր են խաղացել դրանց վերջնական անհետացման հարցում,-հայտարարել է Դեմիեն Ֆորդենը:-Մենք գիտենք, որ մարդիկ որսացել են մամոնտներին մսի, մորթու, ոսկորների համար: Դեռեւս բարդ է գնահատել, թե ինչպես են մամոնտների անհետացման գործում ազդել կլիմայի տաքացումն ու հնագույն որսորդները, սակայն մեր վերլուծությունն ամրապնդում է փաստարկները, որոնք ուղղված են այդ կենդանիների պապուլյացիայի կրճատման վրա հիմնականում անտրոպոգեն ազդեցության հաստատմանը»:

Գիտնականների կարծիքով՝ մամոնտների այդ տեսակի անհետացումը մեկնարկել է վերջին ջրհեղեղից դեռեւս մի քանի հազարամյակ առաջ, իսկ քարացուկների եւ հնագույն ԴՆԹ-ի ուսումնասիրումը ցույց է տվել, որ որոշ շրջաններում մարդիկ 4 հազար տարով արագացրել են այդ հնագույն արարածների անհետացումը: Մյուս կողմից գենետիկ հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ Սիբիրի մի քանի արկտիկական շրջաններում մամոնտները բնակվել են դեռեւս 5000 տարի առաջ, այսինքն՝ շատ ավելի երկար ժամանակ, քան ավելի վաղ համարվում էր՝ պահպանվելով հարմարավետ կլիմայական պայմաններ եւ փոքր խտությամբ բնակչություն ունեցող որոշ տարածքներում: Կարելի է նաեւ եզրակացնել, որ տեսակների անհետացումը սովորաբար դառնում է տարբեր բացասական գործընթացների հետ բավականին բարդ փոխազդեցության հետեւանք:

Նախորդ ամիս միջազգային գիտախումբը, որը գլխավորել է Կոպենհագենի համալսարանի գեոգենետիկայի կենտրոնի տնօրեն Էսկե Վիլերսլեւը, մամոնտների կողմից բնակեցված միջավայրի հսկայական եւ համալիր հետազոտություններից հետո եզրահանգել է, որ դրանց անհետացման պատճառ էր նախ կլիմայի կտրուկ փոփոխությունը, ոչ մարդկային գործոնը: Սառցե դարաշրջանի վերջում տաքացման արդյունքում հալվել էին սառցաբեկորները, շրջակա միջավայրը դարձել էր չափազանց խոնավ եւ ճահճային հսկայական կենդանիների համար, դեռ ավելին, վերացել են բուսականությունը, որով մամոնտները սնվում էին: