ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) անհանգստացած է Աֆղանստանում երեխաների հետ ամուսնությունների աճից, հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես խորապես անհանգստացած եմ Աֆղանստանում մանկական ամուսնությունների թվի աճի վերաբերյալ հաղորդումներից... Մենք ստացել ենք հավաստի տեղեկություններ այն մասին, որ ընտանիքները 20 օրական աղջիկներին առաջարկում են ապագա ամուսնության համար՝ օժիտի դիմաց»,- ասել է Ֆորը:

Ինչպես նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Աֆղանստանում լայն տարածում գտած այնպիսի երեւույթը, ինչպիսին է վաղ ամուսնությունը, կարող է հանգեցնել ընտանեկան բռնության եւ կանանց նկատմամբ խտրականության, եւ արդյունքում՝ հոգեբանական խնդիրների։ Կազմակերպության գնահատմամբ՝ 15-49 տարեկան աֆղանցի կանանց 28%-ն ամուսնացել է մինչեւ 18 տարեկանը:

Կազմակերպությունը նաեւ կոչ է անում Աֆղանստանի իշխանություններին աջակցել եւ պաշտպանել առավել խոցելի աֆղանական ընտանիքներին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Աֆղանստանում անբարենպաստ տնտեսական իրավիճակը ստիպում է ավելի ու ավելի շատ ընտանիքների վաղ տարիքում ամուսնացնել աղջիկներին կամ երեխաներին ուղարկել աշխատելու։