ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ տեսակապով հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Պեկինի` չինական Տիբեթի ինքնավար շրջանի, Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի եւ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի հետ կապված գործողությունների առնչությամբ, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի ԱՄՆ-ի եւ Չինաստանի ղեկավարների հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Բայդենը մտահոգություն է հայտնել Սինցզյանում, Տիբեթում եւ Հոնկոնգում ՉԺՀ-ի գործողությունների, ինչպես նաեւ ընդհանուր մարդու իրավունքների կապակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ:

Սպիտակ տան ղեկավարը Չինաստանի ղեկավարի հետ քննարկել է ազատ եւ բաց հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարեւորությունը եւ հայտնել Վաշինգտոնի անսասան վճռականությունը՝ կատարելու իր պարտավորություններն այս հսկայական աշխարհագրական տարածքում: «Նախագահ Բայդենը վերահաստատել է նավարկության ազատության եւ անվտանգ թռիչքի կարեւորությունը տարածաշրջանի բարգավաճման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Բայդենը «հստակ հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանել ամերիկացի աշխատողներին եւ արդյունաբերությունը չինական անարդար առեւտրային եւ տնտեսական պրակտիկաներից»:

Վաշինգտոնը բազմիցս պնդել է մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները Հոնկոնգում, ինչպես նաեւ ՉԺՀ-ի Տիբեթի եւ Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջաններում։ Պեկինը պարբերաբար հերքում է այդ մեղադրանքները եւ կոչ է անում Վաշինգտոնին չմիջամտել Չինաստանի ներքին քաղաքականությանը։

Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են «մեկ Չինաստանի» սկզբունքին, ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են առանցքային տարածաշրջանային հարցեր։

«Երկու ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային առանցքային հարցերի, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի, Աֆղանստանի եւ Իրանի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։ «Նրանք քննարկել են երկու կողմերի համար մի շարք հարցերի շուրջ բանավեճերը շարունակելու հնարավորությունները, եւ նախագահ Բայդենը շեշտել է բովանդակալից եւ կոնկրետ քննարկումների կարեւորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, երկու առաջնորդների առցանց հանդիպումը մեկնարկել է Պեկինի ժամանակով 08:46-ին: Զրույցի առաջին կեսը տեւել է մոտ 1 ժամ 56 րոպե, ինչից հետո կողմերն ընդմիջել են։ Հանդիպման երկրորդ մասը սկսվել է Պեկինի ժամանակով 11:06-ին եւ տեւել մոտ 1 ժամ 18 րոպե։ Երկու առաջնորդների բանակցությունները տեւել են ընդհանուր մոտ 3 ժամ 14 րոպե։

Սա երկու առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումն է 2021 թվականի հունվարին Բայդենի` ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նախկինում նրանք փոխանակվել են հաղորդագրություններով եւ հեռախոսազանգերով։ Բայդենի եւ Սի Ցզինպինի վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել սեպտեմբերի 10-ին։