NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Ուիլ Էնգլունդի հոդվածը` հրապարակված «The Washington Post» թերթում:
Ավելի քան 10 տարի Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ մի քանի եվրոպական կազմակերպություններ փորձում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքել խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտար վերջ դնել լեռնային տարածքի համար վեճին: Սակայն Լեռնային Ղարաբաղը չունի հնարավորություն նստել բանակցություններ սեղանի մոտ, իսկ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույցում հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցության խաղաղ պայմանագրի ընդունումն անհնար է:
Հայկական էթնիկ մեծամասնություն ունեցող Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից անկախություն է հռչակել 1991 թվականին, իսկ 1994-ին անջատվել է: Քանի որ ոչ մի երկիր չի ճանաչել անկախությունը, հանրապետությունը բանակցություններում իր շահերը ներկայացնելու իրավունքը վստահել է Հայաստանին:
Բակո Սահակյանը հայտարարեց, որ պատրաստ է փոխզիջման, սակայն չունի այդ մասին հայտարարելու շանս, որպեսզի հարցն Ադրբեջանի հետ քննարկի ուղղակիորեն:
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ուժերի միջեւ փոխհրաձգությունը շարունակվում է: Ամեն տարի զոհվում է մի քանի տասնյակ մարդ: Գոյություն ունի հակամարտության ընդլայնման մշտական վտանգ:
Ադրբեջանն առայժ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի լիակատար անկախության հնարավոր փաստը: Բաքվի կարծիքով, պատերազմի ժամանակ իրենք կորցրել են 20 տոկոս տարածք, հարյուր հազարավոր ադրբեջանցիներ տեղահանվել են եւ այժմ ցանկանում են վերադառնալ իրենց տները:
Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հայտարարում է, որ չի պատրաստվում հանձնել հողերը, եթե դրա հետեւանքով հանրապետությունը ստիպված է լինելու վերադառնալ անպաշտպան սահմանների: Մինսկի խմբին մոտ աղբյուրները հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղը ստիպված կլինի ընդունել ցանկացած համաձայնագիր: Բայց հենց դրա մեջ է արդեն հաջորդ փուլի հիմնախնդիրը: Սակայն ակնհայտ է, որ այդ փուլը առաջիկայում չի լինի:
Բանակցությունների վերջին ռաունդը տեղի ունեցավ հունիսի 24-ին Կազանում եւ ոչինչ չտվեց: Լեռնային Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ այդ անհաջողությունն ընդգծում է նոր մոտեցման անհրաժեշտությունը` բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Ստեփանակերտը նախկինում չէր փնտրում բանակցային կողմ լինելու հնարավորություն, քանի որ երբ սկսվեցին բանակցությունները նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց Հայաստանի նախագահ` խոստանալով չդավաճանել հայրենիքը: Լեռնային Ղարաբաղը կարծեց, որ կարող է վստահել իր շահերը նրան, բայց տասը տարի անց որոշ պաշտոնյաներ վստահ են, որ դա ռազմավարական սխալ էր: Նրանց կարծիքով, Հայաստանն ունի սեփական շահերը, որոնք ոչ միշտ են համընկնում Լեռնային Ղարաբաղի շահերի հետ: Միեւնույն ժամանակ ոմանք կարծում են, որ չմասնակցությունը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղին տալիս է վետոյի վերջին իրավունքի հնարավորություն ցանկացած համաձայնագրի նկատմամբ: Բակո Սահակյանը պահանջում է մասնակցություն գործընթացին, բայց նշում է, որ չի ցանկանում խախտել Մինսկի խմբի գործընթացը: Բանակցությունները տարածաշրջանին հաղորդել են խաղաղության եւ կայունության որոշակի աստիճան: Բակո Սահակյանը նկատեց, որ գնահատում է բոլոր հանդիպումները, քանի որ դրանք մեծացնում են Լեռնային Ղարաբաղի մասնակցության շանսերը:




























