Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում աղմուկի պատճառ դարձած Գանձասարի վանական համալիրի նորոգվող քարե պարիսպները կառուցվել են դեռեւս 7-րդ դարում, սակայն հետագայում բազմիցս քանդվել են եւ ճարտարապետական-պատմական արժեք չեն ներկայացնում: Շուշիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Ոմանք ասում են, թե Գանձասարի պարիսպը կառուցվել է 13-րդ դարում, սակայն, իրականում, պարիսպը կառուցվել է 7-ից 10-րդ դարերում, որովհետեւ Գանձասար վանական համալիրը մեծ հոգեւոր կենտրոն էր, իսկ բոլոր վանքերը պարտադիր պարսպապատվում էին: Բնականաբար, Արցախ – Խաչենի իշխան Հասան Ջալալը հին եկեղեցու տեղը կառուցեց նորը, ուր տեղափոխվեց Հովհաննես Մկրտիչի գլուխը, եւ պարիսպը պետք է նորից կառուցվեր, կամ նորոգվեր»,- նշեց արքեպիսկոպոսը: Նրա խոսքով, ժամանակի ընթացքում քարե պարիսպը նորոգվել է: Անցած դարի 80-ականներին նույնպես պարիսպը նորոգվել է: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ պատը քանդվել էր, եւ հայտնաբերվել էին մոտ 20 խաչքարեր: Հայտնի չէ, թե դրանք ով եւ երբ է որմնաշարել:
1996 թվականին Գանձասարի պարիսպը դարձյալ նորոգվեց: Անձրեւների պատճառով ողբալի վիճակում հայտնված պատը հերթական նորոգման ենթարկվեց 2003-ին: Այսօր վանքի պարիսպի 90-95 տոկոսը ցեմենտ-բետոնե է:
«Ես վստահ եմ, որ պարիսպը 7-րդ դարի է, սակայն այն պարբերաբար նորոգվել ու վերականգնվել է: Դարերի ընթացքում բնության ազդեցության եւ ռազմական գործողությունների հետեւանքով պարիսպը քանդվել է, սակայն մեր նախնիները եւ մենք վերականգնել ենք այն: Ես ստիպված էի այն ծածկել կղմինդրով, ինչը որոշ մասնագետների կարծիքով, սխալ է ճարտարապետական տեսանկյունից: Առաջարկվում է փոխարինել կավով, սակայն դա շատ շուտ կբերի պարիսպի քանդմանը: Եթե եկեղեցին գործող է, ապա այն պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն, եւ հոգ ենք տանում ու վերականգնում ենք այն: Մյուս կողմից, եկեղեցիները պատմական հուշարձան են եւ միաժամանակ պատկանում են պետությանը: Այսինքն` որոշ դեպքերում անհրաժեշտ է փոխադարձ համաձայնություն եւ ներդաշնակություն: Երբեմն դրան հասնել չի հաջողվում: Ամեն հինգ տարին մեկ պարիսպը նորոգելու միջոցներ մենք չունեն: Բացի այդ, սարկավագները տարին 40 անգամ մաքրում են պարիսպը բուսականությունից»,- նշեց արքեպիսկոպոսը:
Միմյանց չհասկանալու մթնոլորտի մասին արքեպիսկոպոսը նշեց. «Այսօր մենք ունենք համակարգային, կառուցվածքային թերություն: Եթե մենք կարողանայինք մեկ խորհրդակցություն էլ անցկացնել ԼՂՀ Կառավարությանը կից պատմական հուշարձանների պահպանման ու հետազոտման վարչության բաժնի հետ, ապա այսպիսի աղմուկ չէր լինի: Ամենայն հավանականությամբ, դա մեր ընդհանուր սխալն է եւ առաջին հերթին` իմը»:
Արքեպիսկոպոսի խոսքով, հայտարարությունները, թե երեսպատումից հետո պարիսպը չի ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ զուրկ են տրամաբանությունից, քանի որ պարիսպը ճարտարապետական հուշարձան չէ:
«Ժամանակին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը որոշում ընդունեց տուֆով երեսպատել Մայր Աթոռի ցանկապատը, որը կավից էր: Միայն մուտքի մոտ մի հատված մնաց նախկին տեսքով: Նա միանշանակ ճիշտ էր: Բազմաթիվ եկեղեցիների եւ վանքերի ցանկապատեր երեսպատվել են, սակայն երբ խոսքը եկեղեցու վերականգնման մասին է, ապա բոլոր նորմերը պահպանվում են»:
Պարգեւ արքեպիսկոպոսի խոսքով, աղմուկ բարձրացավ, երբ բարերար Լեւոն Հայրապետյանը առաջարկեց վերանորոգել Գանձասարի քարե պարիսպը: Գարեգին Բ-ի առաջարկով Արցախի թեմը դիմեց ԼՂՀ Կառավարությանը կից պատմական հուշարձանների պահպանման եւ հետազոտման վարչության բաժին, սակայն բացասական պատասխան ստացավ: Լեւոն Հայրապետյանը որոշեց նորոգումն ավարտել մինչեւ սեպտեմբերի 2-ը` Ղարաբաղի անկախության 20-ամյակի օրը:
«Դրանից հետո որոշ մարդիկ եւ մասնագետներ համացանցում պատերազմ հայտարարեցին ինձ եւ Արցախի թեմին: Ես չեմ ուզում մեկնաբանել առաջին հերթին իմ դեմ ուղղված արշավը: Հարցրեք նրանց, ովքեր իմ վրա ցեխ են նետում»,- հայտարարեց արքեպիսկոպոսը:
Բարերարի ցանկությունը պետության եւ մասնագետների եզրակացությունից վեր դնելու փաստի կապակցությամբ արքեպիսկոպոսը ասաց. «Խոսքը եկեղեցու մասին չէ, այլ միայն պարիսպի մասին է, որը պատմական արժեք չէ: Մենք ծանոթ ենք բազմաթիվ ճարտարապետների կարծիքների հետ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է նրանց բոլորի կարծիքը հաշվի առնենք»:
Մեկնաբանելով NEWS.am-ի թղթակցի դիտարկումը, թե վերականգնողական աշխատանքների համար անհրաժեշտ է հաստատված նախագիծ, որի իրագործման համար մրցույթում հաղթող ընկերությունը կատարում է աշխատանքը, իսկ այս դեպքում նման ընթացակարգ չի պահպանվել եւ հնարավոր է, որ դա էլ դարձել է ԼՂՀ Կառավարությանը կից վարչության դժգոհության պատճառը` Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հայտարարեց.
«Ես անուղղակի պատասխանեմ: Մի քանի տարի առաջ, երբ մի ճարտարապետի նախագծի համաձայն սկսվեց եկեղեցու վերականգնումը` շատ ճարտարապետներ սկսեցին հայտնել իրենց անհամաձայնությունը: Նրանց դիտողությունների մի մասը ես ընդունեցի ի գիտություն: Սակայն, նրանցից ոչ ոք չցանկացավ բարեգործական հիմունքներով ներկայացնել սեփական նախագիծը եւ ղեկավարել շինարարությունը»:
Վլադիմիր Հայրապետյան. Այստեղ ամեն ինչ դեմ է առնում մորթապաշտական շահերի…
Բարերար Լեւոն Հայրապետյանի եղբայր Վլադիմիր Հարյապետյանը, որը ղեկավարում է վանքի պարիսպի երեսպատման աշխատանքները, հայտարարեց, որ խնդիրը ԼՂՀ իշխանությունների եւ բարերարի միջեւ չէ. «Նախագահը մեզ աջակցում է, հասկանում տեղի ունեցողը եւ ինձ խնդրեց ընդմիջել աշխատանքները: Ես Հայաստանի տարբեր մարզերից բերել եմ լավագույն վարպետներին: Եթե ես բաց թողնեմ` նրանք կվերադառնան տուն եւ նրանց նորից հավաքել դժվար կլինի: Նախագահը դա հասկացավ եւ ասաց, որ շարունակենք աշխատանքը: Բոլոր ղարաբաղցիների բախտը բերել է, որ մեր նախագահը Բակո Սահակյանն է: Մենք կավարտենք պատի երկու հատվածները եւ կդադարեցնենք աշխատանքը: Բայց դուք պետք է իմանաք, թե ով է զբաղվում մյուս նախագծերով, ում կինն է նա, ինչ պաշտոն է զբաղեցնում նրա ամուսինը: Դրանք բոլորը մի շղթա են: Ես գիտեմ, ով է այդ ամենի ետեւում, բայց չեմ ասի: Այստեղ ամեն ինչ դեմ է առնում մորթապաշտական շահերի: Հետեւեք, թե ով է սկսել աղմուկը»:
Երեսպատման աշխատանք սկսելու թույլտվություն տալու մասին հարցին` Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ մեկը մեզ չի տվել մինչեւ վանական համալիր տանող ճանապարհը ասֆալտապատելու թույլտվություն, բայց մենք արեցինք: Մենք եկանք եւ տեսանք, որ պարիսպը քանդվում է եւ որոշեցինք ամրացնել այն: Երբ իմ ավագ եղբայրը տեսավ, որ պարիսպը քանդվում է, նա ասաց, որ պետք է պահպանել: Երեսպատման արժեքը 1 միլիոն դոլար է: Եթե թողնենք այնպես, ինչպես հիմա է, ապա պարիսպը կփլուզվի, եւ դուք ստիպված կլինեք հարցնել նրանց, ովքեր մեզ թույլ չեն տվել: Թույլ կտան, թե չեն տա` մենք կավարտենք երեսպատումը: Հակառակ դեպքում պարիսպը կփլվի: Երեսպատումն իրականացվում է այն նույն քարով, որով կառուցված է Գանձասարը: Մենք գտել ենք այդ քարհանքը: Իմ եղբայրը գնել է այն, գնել է տեխնիկա: Եթե ուրիշը ցանկանա վերականգնել պարիսպը, ապա ես կխոնարհվեմ եւ կզիջեմ տեղս: Սակայն ցանկանում եմ ավելացնել, որ իմ եղբայրը շատ վիրավորված է եւ նույնիսկ հայտարարել է, որ ընդհանրապես չի գա Ղարաբաղ եւ այլեւս ոչինչ չի անի: Լեւոն Հայրապետյանը նաեւ ասել է, որ մինչեւ այդ մարդիկ ներողություն չխնդրեն` ինքը ոչինչ չի անի», - սպառնաց Վլադիմիր Հայրապետյանը:
Ճարտարապետ Ստեփան Նալբանդյան. Ես պատրաստ եմ հոգիս տալ` միայն թե վանական համալիրը վերականգնվի առանց նորամուծությունների
Ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ Գանձասար պատմական հուշարձանը, նաեւ պարիսպը, որովհետեւ դա ճարտարապետական համալիր է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ճարտարապետ, Պատմական հուշարձանների վերականգնման հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը:
«1989 թվականին, պատերազմի սկզբում ես այլ ճարտարապետների հետ մեկ ամիս ապրել եմ վանական համալիրում եւ կազմում էի վանքի ներքին հատվածի վերականգնման նախագիծը: Բերդապարիսպը պաշտպանական նպատակով կառուցվել է եկեղեցու հետ, 13-րդ դարում: Բոլոր վանական համալիրներն ունեին պարիսպ»,- հայտարարեց Նալբանդյանը` նշելով, որ պարիսպը բազմիցս վերակառուցվել է:
1980-ականներին ադրբեջանցիները պարիսպ ամրացնող եւ նորոգման աշխատանքեր էին իրականացնում. «Առաջին անգամ ադրբեջանցիները բարի գործ արեցին, որովհետեւ այդ աշխատանքները համապատասխանում էին միջնադարի ոճին: Ես չեմ ցանկանում նրանց գովել, սակայն դա ճշմարտություն է: Եթե կա պատը ամրացնելու անհրաժեշտություն` մենք այդ հատվածը մաս-մաս քանդում եւ նորից շարում ենք` ամրացնելով եւ լցնելով ճեղքերը: Եթե դրանք լցնել բետոնով, ապա ոչ մի բուսականություն էլ չի աճի»:
Նալբանդյանի խոսքով պատմական հուշարձանի վերակառուցման եւ ամրացման համար անհրաժեշտ է կազմել նախագիծ, քննարկել գիտամեթոդական խորհրդում եւ նոր միայն սկսել աշխատանքերը. «Դրա փոխարեն, բարերարի քմահաճույքով երեսպատում է իրականացվում»:
Նա նաեւ նշեց, որ դեռեւս 1989 թվականին կազմվել է Գանձասարի վանական համալիրի վերականգնման նախագիծ, սակայն արքեպիսկոպոսը հրաժարվել է ծանոթանալ դրան. «Նախագիծը կա, այն ուղղակի պետք է վերանայել եւ քննարկել»: Նալբանդյանը պատրաստ է որպես նախագծի համահեղինակ այն առանց գումարի տրամադրել բարերարին. «Մենք պատրաստ ենք գնալ այդ քայլին: Նախագիծն այժմ գտնվում է Պետական արխիվում: Պետք է գրավոր դիմել Մշակույթի նախարարությանը, ստանալ համապատասխան թույլտվություն: Քանի որ նախագիծը կատարվել է 20 տարի առաջ` այն կարելի է որոշակի փոփոխության ենթարկել»:
Նալբանդյանը պատրաստ է նաեւ հասարակական հիմունքներով մասնագիտական աջակցություն տրամադրել. «Գանձասարի նման ճարտարապետական համալիրի համար պատրաստ եմ հոգիս էլ տալ, միայն թե վանական համալիրը վերականգնվի առանց նորամուծությունների: Սա ազգային հարստություն է եւ չի կարելի աղավաղել Գանձասարի տեսքը»:
Նալբանդյանի կարծիքով, տվյալ իրավիճակում ԼՂՀ Տուրիզմի վարչության ղեկավար Սերգեյ Շահվերդյանը ճիշտ է վարվել եւ ասոցիացիան աջակցում է նրան, քանի որ գիտակցում է ճարտարապետական-պատմական ժառանգության գինը:
Սերգեյ Շահվերդյան. Լիազոր մարմնի դիրքորոշումը մնում է անփոփոխ
Գանձասարի պարիսպի երեսպատումն արգելելու վերաբերյալ ԼՂՀ Կառավարության լիազոր մարմնի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ Կառավարությանն առընթեր Տուրիզմի վարչության ղեկավար Սերգեյ Շահվերդյանը` նշելով, որ պաշտոնական դիրքորոշումը արտահայտված է ԼՂՀ Կառավարությանը կից պատմական հուշարձանների պահպանման եւ հետազոտման վարչության բաժնի պետ Սլավա Սարգսյանի հայտարարությունում:
Միեւնույն ժամանակ Շահվերդյանը հրաժարվեց մեկնաբանել Վլադիմիր Հայրապետյանի հայտարարությունը. «Ես չեմ կարող մեկնաբանել մասնավոր անձանց հայտարարությունները: Դա ուղղակի միջամտություն է պետական մարմինների գործունեությանը»:
Շահվերդյանը նաեւ նշեց, որ պարիսպի ամրացման անհրաժեշտությունը պազելու համար հանձնաժողով ձեւավորելու կարիք չկա:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Կառավարությանը կից պատմական հուշարձանների պահպանման եւ հետազոտման վարչության բաժնի պետ Սլավա Սարգսյանը տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր. «Գանձասար վանական համալիրի 13-րդ դարի պատերը տվյալ պահին երեսպատվում են: Դեռեւս մայիսին վարչությունը նամակ էր ստացել Արցախի թեմից: Այնտեղ նշվում էր, որ գաղափարի հեղինակն ու ֆինանսավորողը Լեւոն Հայրապետյանն է: Գանձասարի համալիրի պատերի երեսպատման թույլտվություն չի տրվի, քանի որ դա կվնասի պատմական միջավայրին: Վարչությունը զբաղվում է այդ խնդրի լուծմամբ, քանի որ երեսպատման աշխատանքներն անօրինական են: Այդ աշխատանքները կարող են խանգարել համալիրին ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»:
Պատրաստեց Մարիա Ասատրյանը


























