Անցնող տարին կարելի է անհանգիստ բնորոշել՝ սահմանամերձ հակամարտությունները, հեղաշրջումները եւ պետական հեղաշրջումների փորձերն իրենց ավանդը ներդրեցին համաշխարհային պատմության մեջ։ Ներկայացնում ենք հաջողված պետհեղաշրջումների հավաքածուն։
Մյանմա
Փետրվարի 1-ին Մյանմայի Զինված ուժերը տապալեցին քաղաքացիական կառավարությունը եւ երկրի իշխանությունն իրենց ձեռքը վերցրին՝ ձերբակալելով քաղաքացիական ղեկավարներին։ Զինվորականներն իրենց գործողությունները բացատրեցին 2020թ. համընդհանուր ընտրությունների արդյունքների ենթադրյալ զանգվածային կեղծումներով՝ հօգուտ այն ժամանակ կառավարող «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» (ԱԼՀԺ) կուսակցության, եւ նրանով, որ քաղաքացիական իշխանությունները չեն ցանկացել հետաքննել դրանք։ Պետության ժամանակավոր առաջնորդ նշանակվեց փոխնախագահ Մյինթ Սվեն, իսկ ամբողջ իշխանությունը հանձնվեց Մյանմայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, ավագ գեներալ Մին Աունգ Հլայնին։ Զինվորականները մեկ տարով արտակարգ դրություն հայտարարեցին։ Նոր զինվորական կառավարության ղեկավարները խոստացան մեկ տարի հետո նոր ընտրություններ անցկացնել եւ իշխանությունը հանձնել դրանցում հաղթող կուսակցությանը։ Ապրիլի սկզբին Նեյպյիդոյում կայացած ճեպազրույցում զինվորական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Զո Մին Թունը նշեց ընտրությունների անցկացման մեկ այլ ենթադրվող ժամկետ՝ երկու տարվա ընթացքում։
Նիգեր
Մարտի 31-ի գիշերը Նիգերում կանխվեց պետական հեղաշրջման փորձը։ Տեղի ԶԼՄ-ները տեղեկացրին, որ գիշերը Նիամեյի կենտրոնում գտնվող նախագահական պալատի մերձակայքում հրաձգություն է տեղի ունեցել։ Մոտավորապես ժամը 03.00-ին անհայտ անձինք կրակ են բացել ծանր զինատեսակներից, այնուհետեւ փոխհրաձգություն է սկսվել։ Այն ավարտվել է մոտավորապես մեկ ժամ հետո, բայց պարբերաբար կրկնվել է քաղաքի տարբեր թաղամասերում։ Նիգերի կառավարությունը հաստատել էր, որ երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ, եւ հայտարարել էր հետաքննություն սկսելու մասին։ Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զաքարիա Աբդուռահմանը տեղեկացրել էր, որ մի քանի խռովարարներ արդեն կալանավորվել են։ Ավելի վաղ Նիգերի Սահմանադրական դատարանը (ՍԴ) հաստատել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել էր կառավարող կուսակցության թեկնածու Մոհամեդ Բազումը, որը երկրորդ փուլում հավաքել էր ձայների 55,66 տոկոսը։ Նրա մրցակիցը՝ հանրապետության նախկին նախագահ Մահաման Ուսմանը, չի ընդունել իր պարտությունը։
Մալի
Ռազմական հեղաշրջումը Մալիում սկսվեց 2021թ. մայիսի 24-ի գիշերը, երբ Մալիի բանակը կալանավորեց նախագահ Բա Նդաուին, վարչապետ Մոքթար Ուանին եւ պաշտպանության նախարար Սուլեյման Դուկուրեին։ Խունտայի (որը ղեկավարում էր Մալիի հեղաշրջումը 2020թ.) պարագլուխ Ասիմի Գոիթան հայտարարեց, որ Նդաուն եւ Ուանը զրկվել են լիազորություններից, եւ նոր ընտրությունները կկայանան 2022թ.։ Սա երրորդ պետական հեղաշրջումն էր երկրում վերջին տասը տարում (2012 եւ 2020թթ. զինվորական հեղաշրջումներից հետո)։
Հարավաֆրիկյան Հանրապետություն
Անկարգությունների եւ բողոքի ցույցերի շարքը Հարավաֆրիկյան Հանրապետությունում սկսվեց 2021թ. հուլիսի 9-ի գիշերը Քվազուլու Նաթալ նահանգում։ 2021թ. հուլիսի 11-ի երեկոյան անկարգությունները տարածվեցին նաեւ Գաութենգ նահանգում։ Դրանք սկսվել էին ի պատասխան ՀԱՀ նախկին նախագահ Ջեյկոբ Զումայի ձերբակալության դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, քանի որ հրաժարվել էր ցուցմունքներ տալ կոռուպցիայի մեղադրանքը հետաքննող հանձնաժողովին։ Սկզբում անկարգությունները Զումայի կողմնակիցների բողոքի ցույցեր էին Քվազուլու Նաթալում, բայց հետո դրանք վերաճեցին լայնածավալ թալանի եւ բռնության ակտերի Քվազուլու Նաթալ եւ Գաութենգ նահանգներում։ Անկարգությունների զոհ դարձավ 337 մարդ, 2554 հոգի ձերբակալվեց։
Աֆղանստան
«Թալիբանի» հարձակումը ակտիվ հարձակողական գործողություն էր Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, որը «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության զինյալներն սկսեցին 2021թ. մայիսի 1-ին՝ երկրից ամերիկյան զորքերի վերջնական հեռանալու մասին հայտարարության հետ կապված։ Օգոստոսի 14-ին արդեն թալիբները իրենց վերահսկողության տակ էին վերցրել երկրի ամբողջ տարածքի 90 տոկոսը, իսկ 2021թ. օգոստոսի 15-ին գրավեցին մայրաքաղաք Քաբուլը եւ զավթեցին իշխանությունը երկրում։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին փախավ երկրից։
Գվինեա
Սեպտեմբերի 5-ին Գվինեայի հատուկ նշանակության ուժերի սպաները՝ գնդապետ Մամադի Դումբույայի գլխավորությամբ, որն ավելի վաղ ծառայում էր ֆրանսիական օտարերկրյա լեգեոնում, կալանավորեցին երկրի նախագահ Ալֆա Կոնդեին, ավելի ուշ հայտարարեցին պետական ինստիտուտների լուծարման, սահմանադրության գործողության դադարեցման եւ աֆրիկյան այդ երկրի սահմանները փակելու մասին։ Դումբույայի խոսքով՝ երկրի նախագահ Կոնդեն գտնվում է զինվորականների վերահսկողության տակ անվտանգ վայրում։ Զինվորականներն ընդգծել են, որ չեն տրվելու ոչ մի ճնշման, իսկ Կոնդեն մարդասիրական վերաբերմունքի կարժանանա։ Կոնդեն 83 տարեկան է, երկիրը գլխավորում է 2010 թվականից։ 2020թ. մարտի հանրաքվեով հավանության արժանացան սահմանադրության փոփոխությունները, որոնք նրան թույլ տվեցին այդ պաշտոնն զբաղեցնել եւս երկու ժամկետով։ Ընդդիմությունը բոյկոտեց հանրաքվեն, անկարգությունների ժամանակ զոհվեց ավելի քան 40 մարդ։ Բացի այդ, չնայած Գվինեան բավական աղքատ երկիր է, բայց հուլիսին ընդունվեց օրենք Կոնդեի աշխատավարձը բարձրացնելու մասին, ինչն առաջ բերեց տեղի բնակիչների զայրույթը։
Սուդան
Սեպտեմբերի 21-ին Սուդանի Զինված ուժերի մամուլի քարտուղար Թահեր Աբու Հագան պետական հեռուստատեսության եթերով հայտարարեց երկրում հեղաշրջման փորձը կանխելու մասին։ Al-Jazeera հեռուստաալիքը, հղում կատարելով Սուդանի կառավարությունում ունեցած աղբյուրին, տեղեկացրեց, որ Սուդանում հեղաշրջման փորձին մասնակցած ավելի քան 40 սպա կալանավորվել է, ձերբակալությունները շարունակվում են։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հեղաշրջման կազմակերպիչները նախկին նախագահ Օմար ալ Բաշիրի կողմնակիցներն էին։
Հոկտեմբերի 25-ին գեներալ Աբդել Ֆաթահ ալ Բուրհանը հայտարարեց արտակարգ դրություն մտցնելու եւ կառավարության ու Ինքնիշխան խորհրդի ցրման մասին։ Տեսաուղերձում նա հայտարարեց, որ նոր տեխնոկրատական կառավարությունը երկիրը կղեկավարի մինչեւ հաջորդ ընտրություններ, որոնք տեղի կունենան 2023թ. հուլիսին։



























