Վերջերս միջնադարյան Օսլո քաղաքում պեղումների ժամանակ փորագրված արձանիկ է հայտնաբերվել: Այն իրենից ներկայացնում է վերնազգեստով եւ թագով մարդու, որի ձեռքին բազե է նստած։ Սակայն գիտնականներին անմիջապես չի հաջողվել հասկանալ, թե դա տղամարդ է, թե՝ կին։ Norsk institutt for kulturminneforskning (NIKU) պորտալը մանրամասն գրում է մասնագետների աշխատանքի մասին, հաղորդում է Planet-today-ը։

Չնայած 0-ից ցածր ջերմաստիճանին՝ Նորվեգիայում պեղումների ժամանակ հետաքրքիր բաներ են տեղի ունենում։ Անն-Ինգեբորգ Ֆլոա Գրինդհաուգը հայտնաբերել է առեղծվածային արձանիկը հնագույն աղբանոցը ուսումնասիրելիս: Սկզբում նա արձանիկը շփոթել է ձկան ոսկորի հետ, բայց հետո նկատել է արձանի դեմքն ու բազեի կերպարը։  

«Կասկած չկա, որ ֆիգուրը թագ է պատկերում։ Բայց ավելի դժվար է որոշել՝ դա թագավոր է, թե՝ թագուհի: Հագուստի դիզայնը ցույց է տալիս, որ այն պատկանում է XIII դարի կեսերին։ Գլխածածկը նույնպես համապատասխանում է այս ժամանակաշրջանին»,-ասում է NIKU-ի արվեստի պատմաբան եւ հետազոտող Քյարթան Հաուգլիդը: Բազեի առկայությունը սեռի հարցը չի լուծում. միջնադարում կանայք տղամարդկանց հետ միասին բազեների որս էին գնում։

«Արձանիկը, հավանաբար, պատրաստվել է հենց քաղաքում գտնվող արհեստանոցում եւ վերջին տարիներին Օսլոյում հայտնաբերված ամենակարեւոր արտեֆակտներից է: Մեզ հայտնի է միայն մի քանի նմանատիպ գտածոներ Հյուսիսային Եվրոպայից բազեների հետ, եւ դրանցից մի քանիսը պատկերում են կանանց»,-հավելում է Հաուգլիդը։ 

Արտեֆակտը հասնում է 7,5 սմ երկարության եւ փորագրված է ոսկորից կամ եղջյուրից: Դեմքը նուրբ է, ժպտերես։ Ֆիգուրը կրում է թագ, գլխածածկ եւ երկար խալաթ։ Բազեն նստած է նրա աջ ձեռքին։ Թռչունը մշակված է նույնքան խնամքով, ինչպես մարդը։ 

Գիտնականները դեռ չեն եկել միանշանակ եզրակացության, թե ում է ներկայացնում այդ կերպարը՝ տղամարդու, թե՝ կնոջ։ Այնուամենայնիվ, արձանի ստեղծման ժամանակը համընկնում է Նորվեգիայի թագավոր Հոկոն Հոկոնսոնի կառավարման ժամանակաշրջանին, ով երկիրը ղեկավարել է 1217-1263 թվականներին։ Նա հայտնի էր որպես բազեի որսի սիրահար։

Հոկոն թագավորը համարվում էր կրթված մարդ եւ շատ ժամանակ ու էներգիա էր ծախսում իր հպատակներին եվրոպացիների նման «քաղաքակիրթ» դարձնելու համար։ Միջազգային դաշինքներ կնքելու համար նա հաճախ թանկարժեք նվերներ էր անում թագավորական անդամներին։ Բազեն համարվում էր ամենաթանկը իր բարձր գնի պատճառով։