Լոնդոնի բնակչուհին Թեմզայի ափին ցեխի մեջ 16-րդ դարի թրի կոթ է հայտնաբերել, հայտնում է Daily Mail-ը։

Գրող Լարա Մայքլը տարված է ցեխի մեջ գանձերի որոնմամբ։ Հերթական զբոսանքի ժամանակ կինը Լոնդոնի կենտրոնում Թեմզայի ափին կոտրված թրի բռնակ էր գտել:

Ենթադրաբար, թրի` պղնձով դրվագավորված փայտե բռնակը մոտ 300 տարի ընկած է եղել գետի հատակին։ Այն պահպանվել է անաէրոբ միջավայրում գտնվելու Շնորհիվ: Գանձեր որոնողը պատմել է, որ իր ուշադրությունը գրավել է պղնձի փայլը, որը նա շփոթել է ոսկու հետ։ Նա բարձրացրել է գտածոն, որը, պարզվել է, հինավուրց թրի կոթ էր: «Սա իմ լավագույն գտածոներից մեկն է»,- ընդգծել է գրողը։

Կինը մտադիր է զենքը փոխանցել Լոնդոնի թանգարանի փորձագետներին։ Նրանք արդեն տեսել են լուսանկարները եւ հաստատել, որ թուրը կարող է թվագրվել 16-րդ դարով։ Անգլուհին նշել է, որ մինչ այս պահը սուրը պետք է խոնավ պահել` դրա արագ ոչնչացումը կանխելու համար։ Ուստի նա փաթաթել է այն խոնավ շորի մեջ:

Կինը չի ցանկացել ցույց տալ, թե կոնկրետ որտեղ է գտել թուրը, քանի որ մտավախություն ունի, որ եթե անի դա, մարդկանց բազմություն կգա այդ վայր՝ այլ արտեֆակտներ գտնելու ակնկալիքով։ Թեմզայի ափերին գանձեր փնտրելն անօրինական է` առանց Լոնդոնի նավահանգստային մարմնի հատուկ թույլտվության: Գտնված իրերը չեն կարող վաճառվել մասնավոր կարգով:

Մայքլեմը ենթադրել է, որ 16-րդ դարում բոլորը թուր ունեին, եւ շատերն իրենց մոտ թուր էին պահում: «Դա բավականին դաժան ժամանակ էր: Մարդիկ ինքնապաշտպանության կարիք ունեին. Կարծում եմ, դա սովորական տղայի էր պատկանում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ թրի շեղբը կոտրված է։ Դա էժան թուր էր, քանի որ բռնակը փայտից էր: Կինը հույս ունի, որ թանգարանի մասնագետները կկարողանան գտածոն մաքրել կուտակված կեղտից։

Ցեխի մեջ գանձեր որոնողների մասնագիտությունն ի հայտ է եկել 17-րդ դարի վերջին եւ տարածված էր 19-րդ դարում։ Այն կայանում էր նրանում, որ մարդիկ գետի ափին իրեր էին փնտրում եւ վաճառում։ Սկզբում այդպիսի գանձ որոնողները երեխաներ էին, առավել հաճախ՝ տղաներ։ Նրանք քիչ գումար էին վաստակում՝ վաճառելով գտնված ածուխը, մեխերը, պարաններն ու ոսկորները, որոնք գտնում էին մակընթացության ժամանակ ցեխի մեջ:

Վերջին 30 տարվա ընթացքում Լոնդոնի թանգարանը ստացել է Թեմզայի ափին հայտնաբերված ավելի քան 90 հազար իր, սակայն դրանցից միայն մի քանիսն են ներկայացվել լայն հանրությանը։