XVI դարի գլոբուսը, որի վրա պատկերված էին ծովահրեշներ եւ նշված չէր Ավստրալիան, եւ որտեղ Հյուսիսային Ամերիկայի վրա նշված էր՝ «նվաճվել է 1530թ.», անգլիական Hansons Auctioneers աճուրդում վաճառվել է 116 հազար ֆունտով (154,2 հազար դոլար)։ Փայտից եւ ամուր թղթից պատրաստված հազվադեպ իրը ձեռք էր բերվել, ինչպես նշված է աճուրդների տան հաղորդագրությունում, 150 ֆունտ ստեռլինգով (199,4 դոլար) հնաոճ իրերի տոնավաճառում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Սա մեր աճուրդում ամենակարեւոր պատմական գտածոներից մեկն է եւ, գուցե, իր տեսակի մեջ հնագույնը երբեւէ աճուրդներում ներկայացված նման իրերից»,- ուրբաթ աճուրդի տնօրեն Չառլզ Հենսոնի խոսքերը մեջբերում է Evening Standard թերթը։ Գլոբուսը պատկանելիս է եղել մայոր Էդվարդ Քրոֆս-Մյուրեյին՝ Բրիտանական թանգարանի փորագրանկարների եւ նկարների նախկին պահապանին։
Գլոբուսը, որը, ինչպես կարծում են փորձագետները, կարող էր ստեղծված լինել ֆրանսիացի ֆիզիկոս եւ աշխարհագրագետ Ֆրանսուա Դեմոնժենի կողմից 470 տարի առաջ, ցանկանում էին գնել հինգ հավաքորդներ։ Լոտի նախնական գինն անմիջապես բարձրացվեց 20-30 հազար ֆունտի (25,5-39-8 հազար դոլար), ի վերջո այն բաժին ընկավ հյուսիսամերիկացի գնորդին։
Մեր օրեր հասած հնագույն գլոբուսը «Երկրախնձորն» է, որը մետաղական գունդ է՝ 507 մմ տրամագծով եւ ստեղծվել է գերմանացի աշխարհագրագետ եւ նավագնաց Մարթին Բեհայմի կողմից 1493-1494թթ.՝ Նյուրնբերգի քաղաքային խորհրդի համար։ Բեհայմի գլոբուսը, որի վրա պատկերված են դրոշներ, միապետերն իրենց գահերին, վերարտադրում է իր ժամանակի աշխարհագրական պատկերացումները։ 1907 թվականից այն ցուցադրվում է Գերմանիայի Ազգային թանգարանում (Նյուրնբերգ)։





























