ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 17-ին քննարկել են հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է խորհրդարանական մեծամասնության հերթական նիստում։

Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Օմբուդսմենի նոր թեկնածուն՝ Քրիստինե Գրիգորյանը, ծնվել է 1981թ. Սեւան քաղաքում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը։ Մագիստրոս է։ Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, գերմաներենին եւ արաբերենին։ Անկուսակցական է։ 2019թ. նշանակվել է Հայաստանի արդարադատության փոխնախարար։

Համաձայն Հայաստանում գործող օրենսդրության՝ մարդու իրավունքների պաշտպանը նշանակվում է հինգ տարի ժամկետով։

Իր հերթին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը կարդաց Սահմանադրությունում ամրագրված հոդվածներից մեկը։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ հանրապետության օմբուդսմենի պաշտոնում կարող է ընտրվել ցանկացած ոք, որը բավական հեղինակավոր դիրք ունի հասարակությունում։

«Առաջարկում եմ փողոց դուրս գալ եւ հարցնել 10 անցորդի, թե ով է Քրիստինե Գրիգորյանը։  Վստահեցնում եմ ձեզ, որ ոչ ոք նրան չի ճանաչի։ Ուրեմն, այդ ինչպե՞ս են իշխանությունները որոշել, որ Քրիստինե Գրիգորյանը նման հեղինակություն ունի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Վլադիմիր Վարդանյանը հակադարձեց՝ նշելով, որ Գրիգորյանին հավուր պատշաճի գնահատական կտա խորհրդարանն իր քվեարկությամբ։  

«Թեկնածուն բավական ակտիվ գործունեություն է վարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչը միանգամայն բավական է այն բանի համար, որպեսզի առաջադրվի հանրապետության օմբուդսմենի պաշտոնին»,- նշեց պատգամավորը։

Ընդ որում՝ նա համոզված է, որ քաղաքացիների հարցումը չի կարելի իրավաբանական հիմք ընդունել։

Նշենք, որ հանրապետության ներկայիս օմբուդսմեն Արման Թաթոյանն այս պաշտոնը ստանձնել է 2017 թվականի սկզբին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Գործող օմբուդսմենի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարին։

Թաթոյանն ակտիվորեն զբաղվում է քաղաքացիների, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում ապրող բնակիչների իրավունքների պաշտպանությամբ՝ հաճախ բանավեճի մեջ մտնելով պետական կառույցների եւ գործող իշխանության ներկայացուցիչների հետ։

Ընդդիմության կարծիքով՝ ՀՀ իշխանությունները վաղուց էին ցանկանում ազատվել Թաթոյանից՝ ներկայիս օմբուդսմենին փոխարինելով ավելի «ընդունելի» եւ «համոզվող» օմբուդսմենով։

Այնուամենայնիվ, Վլադիմիր Վարդանյանը չհամաձայնեց այս գնահատականի հետ. «Պարոն Թաթոյանն իմ ընկերն է։ Այդ մասին ուղիղ ասում եմ՝ չնայած ոմանց համար դա կարող է բացահայտում լինել։ Իշխող մեծամասնությունը բարձր է գնահատում նրա գործունեությունը։ Այնուամենայնիվ, կարող են լինել նաեւ այլ տեսակետներ։ Պատգամավորն իրավունք ունի ազատ արտահայտել իր տեսակետը։ Սակայն կրկնում եմ, որ դա առանձին անձանց դիրքորոշումն է, այլ ոչ թե մեր ողջ խորհրդարանական խմբակցության»,- ընդգծեց պատգամավորը։

Նա նաեւ նշեց, որ Թաթոյանն այն քիչ օմբուդսմեններից է, որն իր գործունեությունը կավարտի իրեն հատկացված ժամկետում, այլ ոչ շուտ։

Բավական երկար ու հուզական քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իշխանությունների ներկայացրած թեկնածությանը։