Դեկտեմբերի 19-ի երեկոյան Լոնդոնում Բելառուսի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Նախ մի խումբ անձինք փչացրել են արտասահմանյան հաստատության շենքի ճակատը, իսկ հետո ֆիզիկական հարձակման են ենթարկվել դեպքի վայր ժամանած բելառուս դիվանագետները։ Նրանցից մեկը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, եւ շտապ բուժօգնություն է պահանջվել։ Առողջապահական հաստատությունում ախտորոշվել է քթի կոտրվածք, ուղեղի թեթեւ ցնցում եւ ատամի տրավմատիկ կոտրվածք»,- հայտնում են ԱԳՆ-ից։

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ իրավապահ մարմինների ժամանումից հետո արմատականները դեպքի վայրից փախչելու փորձ են արել։ Այնուամենայնիվ, հարձակվողներից մի քանիսին ձերբակալել է Լոնդոնի դիվանագիտական ոստիկանությունը։ Պարզվել է, որ այդ անձինք ենթադրաբար ընդգրկված են «Նաձեյա» արմատական էմիգրացիոն խմբավորման մեջ։

«Հաշվեհարդարի այս փորձը այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց ծառայողական պարտականություններով պաշտպանում են Բելառուսի քաղաքացիների շահերը եւ աշխատում են բարելավել միջպետական հարաբերությունները, եւս մեկ անգամ պերճախոս կերպով ցույց է տալիս մոլեռանդների իրական դեմքն ու գործելաոճը, որոնց կոլեկտիվ Արեւմուտքի մի շարք երկրներ համառորեն փորձում են ներկայացնել որպես խաղաղ ցուցարարներ»,-ընդգծել են նախարարությունում։

Բելառուսի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին վճռական բողոք է ներկայացվել՝ դեպքի մանրակրկիտ հետաքննության, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ հետաքննության գործողությունների եւ դրանց արդյունքների մասին բելառուսական կողմին տեղեկացնելու պահանջով։

«Բելառուսի ԱԳՆ-ը կարծում է, որ բրիտանական իշխանությունները կձեռնարկեն բոլոր պատշաճ միջոցները՝ ներկայացուցչության տարածքը ցանկացած ներխուժումից կամ վնասից պաշտպանելու եւ ներկայացուցչության անդորրը խանգարելը կամ նրա արժանապատվությունը վիրավորելը կանխելու համար՝ համաձայն Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 22-րդ հոդվածի»,- հավելել են գերատեսչությունում։