Լիտվայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Բելառուսի իշխանությունները կարգադրել են ազատել տեղերը Լեհաստանի հետ սահմանին գտնվող տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոնում, ինչը կարող է միգրանտների կողմից Եվրամիություն ներխուժելու նոր փորձերի հանգեցնել։ Գերատեսչության խոսքերը մեջբերում է Euractiv պարբերականը:

Բելառուսից Լեհաստան հասնել փորձող միգրանտների թիվը վերջին շաբաթներին նվազել է։ Սակայն Լիտվան ներգաղթյալների նոր ալիք է սպասում:

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է որոշակի թվով անօրինական միգրանտների հեռացնել տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոններից, ուստի մոտ ապագայում այդ միգրանտներին Լիտվա, Լեհաստան և Լատվիա դուրս մղելու փորձեր կձեռնարկվեն»,- հայտնել է է Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեն:

Նրա խոսքով` ներկայումս Բելառուսի տարածքում կարող է մոտ 3-4 հազար միգրանտ գտնվել։

Լիտվայի ներքին գործերի փոխնախարար Կեստուտիս Լանչինսկասը նույնպես նշել է, որ նախարարությունն իմացել է այդ հրամանի մասին՝ «վերլուծելով տեղեկատվությունը հանրային տարածքում», սակայն հրաժարվել է լրագրողներին ապացույցներ տրամադրել։