Սուխումում ընդդիմության եւ կառավարական շենքերի համալիրը հսկող իրավապահների միջեւ բախումներ են սկսվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Աբխազիայի Ժողովրդահայրենասիրական միության կողմից կազմակերպված հանրահավաքը տեղի է ունենում աբխազական դրամատիկական թատրոնի շենքի դիմացի հրապարակում, որը գտնվում է կառավարական շենքերի համալիրի եւ նախագահի աշխատակազմի մոտ։
Նախագահական պալատի շենքի դիմաց հավաքվել են հանրապետության գործող ղեկավար Ասլան Բժանիայի կողմնակիցները, որոնց առջեւ ժամանակ առ ժամանակ ելույթ են ունենում նաեւ իշխանամետ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կառավարական շենքերի համալիրը շրջափակված է մետաղական պատնեշներով, իսկ ծովափի կողմից՝ նաեւ ավտոբուսներով։
Ցուցարարները փորձում են ճեղքել իրավապահ մարմինների շղթան եւ մտնել հրապարակ։
Կրակոցներ են լսվում։ Իրավապահները ցուցարարների դեմ ծխային ռումբեր են օգտագործել։
Ինչպես հաղորդում է «Ապսնիպրեսը», նախագահի հետ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումից հետո հրապարակ է եկել երկրի ղեկավարի գիտության եւ մշակույթի հարցերով խորհրդական Նուգզար Լոգուան։
«Ցուցարարների ներկայացուցիչները նախագահին առաջարկել են գալ հանրահավաքի եւ ելույթ ունենալ ներկաների առջեւ։ Նախագահը պատասխանել է, որ չի կարող խախտել իր իսկ կողմից ընդունված հրահանգը կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակող միջոցառումների համատեքստում չարտոնված տարբեր հավաքների անթույլատրելիության մասին։ Միեւնույն ժամանակ նա ասաց, որ մի քանի օրից, երբ իրավիճակը կհանդարտվի, ինքը պատրաստ է բանակցություններ սկսել ընդդիմության հետ՝ պատրաստ քննարկել նրան հուզող բոլոր հարցերը»,- ասել է Լոգուան։
«Ցուցարարների ներկայացուցիչները նախագահին առաջարկեցին գալ հանրահավաքի եւ ելույթ ունենալ ներկաների առջեւ։ Նախագահը պատասխանեց, որ չի կարող խախտել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակող միջոցառումների վերաբերյալ իր իսկ ընդունած որոշումը։ Միաժամանակ նա ասաց, որ մի քանի օրից, երբ իրավիճակը հանդարտվի, ինքը պատրաստ է բանակցություններ սկսել ընդդիմության հետ, պատրաստ է քննարկել նրան հուզող բոլոր հարցերը»,- ասել է Լոգուան։
Նախագահ Ասլան Բժանիայի հետ բանակցությունների արդյունքների մասին դրամատիկական թատրոնի մոտ հավաքվածներին հայտնել է «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորում» քաղաքական կուսակցության նախագահ Ասլան Բարցիցը։ Ըստ Բարցիցի՝ նախագահի հետ հանդիպմանը ներկա են եղել վարչապետ Ալեքսանդր Անկվաբը, նախագահի աշխատակազմի ղեկավար Ալխաս Կվիցինիան, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը։ «Մենք պետության ղեկավարին փոխանցեցինք ձեր կարծիքը, ձեր հանձնարարականը, որով գնացել էինք այնտեղ։
Մենք ասացինք, որ ներկաները ցանկանում են լսել նախագահի կարծիքն այն հարցերի շուրջ, որոնք այստեղ հնչել են։ Սրանք հարցեր են, որոնք հուզում են ոչ միայն այստեղ հավաքվածներին, այլեւ նրանց, ովքեր այստեղ չեն եկել, նստած են տանը շատ նեղ կենցաղային պայմաններում։ Մենք պատմեցինք այս ամենի մասին եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Լսեցի ձեզ, ես իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ երեկվա իմ ուղերձում եւ կարիք չկա, հարկ չկա գնալ որեւէ հանրահավաքի»»,- ասել է Բարցիցը։ Իրենց լսածից դժգոհ ցուցարարները որոշել են ներխուժել խորհրդարան։



























