Հայաստանի կառավարությունն այսօր` հուլիսի 14-ին հավանություն տվեց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին պաշտոնից ազատելու առաջարկին` ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի ներկայացմամբ:

Հատկանշական է, որ մարզպետի պաշտոնանկությունը ուժի մեջ է մտնում 2011 թ. օգոստոսի 12-ից` արձակուրդում գտնվելու պատճառով:

Ըստ Վ. Տերտերյանի ներկայացման` Լոռու մարզպետն իր պաշտոնից ազատվում է սեփական դիմումի համաձայն: 

Հատկանշական է, որ դեռեւս 1 շաբաթ առաջ Ա. Քոչարյանի մամուլի ծառայության ղեկավարը օրաթեթերից մեկին տված հարցազրույցում հերքել էր մարզպետի աշխատանքից ազատվելու մասին լուրը: Ինքը` մարզպետը NEWS.am-ին հայտնել էր, որ իր մամուլի ծառայության ղեկավարը հիմարություն է ասել, որի համար նկատողություն է ստացել:

Կառավարության այսօրվա նիստում մարզպետի պաշտոնանկությունը հաստատվեց առանց ավելորդ ձեւականությունների` նրան նույնիսկ շնորհակալություն չհատնեցին կատարած աշխատանքի համար; Ա. Քոչարյանը լոռու մարզպետ է 2006 թվականի դեկտեմբերից: