Անհայտի ուսումնասիրման Շամպալիմոյի պորտուգալական հետազոտական կենտրոնի հետազոտողները պարզել են, որ մարդը հոտառությամբ ոչ միայն պարզապես ճանաչում է հոտերը, այլեւ հիշում է այն վայրերը, որոնց հետ կապված են դրանք։ Այս մասին տեղեկացնում է med-heal.ru-ն՝ հղում կատարելով Nature բրիտանական գիտական պարբերականին։

Հետազոտության հեղինակ Սինդի Պուն նշել է, որ այս հետազոտությունը հիմնված է կենդանիների կողմից հոտերի ընկալման վրա, որոնք հոտառությունն օգտագործում են որպես սնունդ գտնելու միջոց։ Ընդ որում՝ նրանք ճանաչում են ոչ միայն դրանց հոտը, այլեւ տարածության մեջ դրանց գտնվելու վայրը։ Չնայած հոտն ինքնին այդ մասին չի տեղեկացնում։

Ուղեղի՝ հոտառության համար պատասխանատու հատվածները կապված են հիպոկամպի աշխատանքի հետ, որն իր հերթին պատասխանատու է օրգանիզմի տարածական դիրքի եւ հիշողության համար։ Ընդ որում՝ հիպոկամպի նեյրոնները հիշում են շրջակա տարածությունը, գրանցում առարկաների տեղադրությունը, իսկ հետո վերստեղծում որպես հիշողություն։

Հետազոտողները փորձի համար օգտագործել են առնետներին։ Դրանք տեղադրվել են լաբիրինթոսում, որտեղ ամեն մի անկյունում որոշակի հոտ է եղել։ Այնուհետեւ կենդանիները, օգտագործելով այդ հոտերը, պետք է գտնեին մրցանակը։ Այդ ժամանակ գիտնականները հետեւել են ուղեղի առաջնային կեղեւի նեյրոնների աշխատանքին։

Արդյունքում՝ գիտնականները հայտնաբերեցին, որ  նեյրոնները տեղեկություն են փոխանցում միմյանց միջեւ էլեկտրական ազդակների օգնությամբ։ Ընդ որում՝ նեյրոններն ակտիվանում են ոչ միայն  ծանոթ հոտի եւ տեղի պրոյեկցիայի հիշողությամբ, այլեւ որոշակի հոտի որոնման ժամանակ՝ դրանով իսկ վերստեղծելով շրջակա առարկաների եւ հոտերի գտնվելու տեղի քարտեզը։

Գիտնականները նկատել են, որ նեյրոններն ամենաակտիվն են եղել այն ժամանակ, երբ կենդանին մրցանակ էր ստանում, նշանակում է՝ այդ մասի հիշողությունն էլ կլինի ավելի ճշգրիտ եւ մանրամասն։

Հետազոտության հեղինակ Զաքարի Մայնենը տեղեկացրել է, որ հետազոտությունը ցույց է տվել, թե ինչպես են զգացողության օրգաններն օգնում մարդուն կողմնորոշվել տարածությունում։ Ընդ որում՝ կարելի է օգտագործել նաեւ հոտառությունը։