Ղազախստանի Ակտաու քաղաքում հանրահավաքը վերջապես ավարտվել է, նախկինում արգելափակված անցուղով երթեւեկությունը վերականգնվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Խաբար 24» հեռուստաալիքին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Sputnik Ղազախստան» գործակալությունը, Ակտաուում հանրահավաքի մասնակիցները, ցուցարարներն ապամոնտաժում են յուրտերն ու ցրվում։ Քաղաքում սկսել է աշխատել բջջային ինտերնետը։ Ոստիկանությունը տարել է մի քանի ցուցարարների, ովքեր հրաժարվել են լքել հրապարակը։
«Մենք այժմ գտնվում ենք Ակտաուի գլխավոր հրապարակում, որը վերջին մի քանի օրերի ընթացքում դարձել է Մանգիստաու շրջանի ցույցերի էպիկենտրոնը։ Ես շատ ուրախ եմ ձեզ ասել, որ վերջապես այստեղ հանգիստ եւ խաղաղ է: Հանրահավաքը վերջապես ավարտվեց, ժողովուրդը ցրվեց, յուրտերը ապամոնտաժվեցին, ցանկապատները հանվեցին, եւ այսօր բացվեց նաեւ ճանապարհը»,- հեռուստաալիքի եթերում դեպքի վայրից հայտնել է թղթակիցը։
Նա նաեւ հայտնել է, որ քաղաքում սկսել է գործել հասարակական տրանսպորտը։




























